Եմենի ընդդիմությունը մարտի 4-ին հայտարարել է, որ երկրի նախագահ Ալի Աբդալլա Սալեհը մերժել է իր կողմից առաջարկված պլանը՝ երկիրը քաղաքական ճգնաժամից դուրս բերելու համար հրաժարական տալ մինչեւ 2011 թվականի վերջ, հայտնում է «Ռոյթերզ» գործակալությունը։
«Նախագահը մերժել է մեր առաջարկը եւ պնդում է, որ կհեռանա միայն 2013 թվականին»,- ասել է ընդդիմության առաջնորդ Մոհամեդ ալ Մութավաքիլը։
Նշենք, որ օրեր առաջ ընդդիմությունը հրաժարվել էր Սալեհի առաջարկից՝ ձեւավորել ազգային միասնական կառավարություն եւ պահանջել էր նախագահի հրաժարականը։
Եմենում հակակառավարական հուզումներն սկսվել էին փետրվարի վերջին։ Երկրի նախագահ Ալի Աբդալլա Սալեհը հայտարարել էր, որ մտադիր չէ երկարաձգել իր պաշտոնավարման ընթացքը կամ իշխանությունը փոխանցել որդուն։ Սալեհը Եմենի նախագահ է դարձել 1978 թվականին, իսկ 1990 թվականից հետո,երբ միավորվեցին Հյուսիսը եւ Հարավը, գլխավորում է Եմենի Արաբական Հանրապետությունը։





























