ԱՄՆպետքարտուղար Մայք Պոմպեոն Ռուսաստանին կոչ է արել «դադարեցնել ոչ կառուցողական վարքագիծը» Վենեսուելայում։ Այս մասին նա հայտարարել է ռուսաստանցի իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

Ինչպես հայտնել է Պետդեպի մամուլի քարտուղար Ռոբերտ Պալադինոն, Պոմպեոն եւ Լավրովը զրույցի ընթացքում քննարկել են Վենեսուելայի իրավիճակը։ Նրա խոսքերով, Պոմպեոն Լավրովին հայտնել է, որ «Միացյալ Նահանգները եւ տարածաշրջանի երկրները անգործության չեն մատնվի, քանի որ Ռուսաստանը խորացնում է լարվածությունը Վենեսուելայում»։ Պալադիոյի հայտարարության մեջ նաեւ դատապարտվում է Նիկոլաս Մադուրոյի «անօրինական ռեժիմին» Ռուսաստանի սատարումը։

Նշենք, որ ընդդիմության ղեկավար, խորհրդարանի խոսնակ Խուան Գուայդոն իրեն հռչակել էր Վենեսուելայի նախագահ։ ԱՄՆ-ը, մի շարք եվրոպական եւ լատինամերիկյան երկրներ սատարում են Գուայդոյին։ Ռուսաստանն ու Չինաստանը օրինական նախագահ են համարում Նիկոլաս Մադուրոյին։