Մադրիդյան սկզբունքների ընդունելի լինելը կախված է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից դրանց մեկնաբանությունից։ Այս մասին Հայաստանի խորհրդարանում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին։
Վարչապետի խոսքերով, իրենք բանակցությունները վարում են այն բանի համար, որ խնդիրը լուծվի։ «Եթե մենք այդ ամենն անում ենք, որպեսզի լուծենք, ապա բանակցությունների հիմքում պետք է դնել սկզբունքներ, որոնց մեկնաբանությունների շուրջ գոյություն ունի թեկուզ ինչ-որ փոխզիջում»,- ասել է Փաշինյանը։
Ընդ որում, նա ընդգծել է, որ եթե կողմերը չեն հասկանում ինչի մասին է կոնկրետ խոսքը եւ ինչի մասին են իրենք կոնկրետ խոսում, ապա դա անընդհատ թյուրիմացություն կծնի եւ կհանգեցնի ոչ միանշանակ մեկնաբանությունների։
Փաշինյանը նաեւ նշել է, որ ինքը մինչ այժմ խնդրում է գործընկերներին ներկայացնել իրեն տվյալ բանակցությունների պատմության տեսլականը՝ հավելելով, որ եղել են շատ դեպքեր, երբ բանակցություններից հետո Հայաստանի ներկայացուցիչները հանդես են եկել մի, Ադրբեջանի ներկայացուցիչները՝ հակառակ, իսկ համանախագահներն՝ ընդհանրապես երրորդ հայտարարությամբ։
Վարչապետը բացատրել է, որ ինքը մի քանի հարց ունի՝ կապված երեք սկզբունքների եւ վեց կետերի հետ, որոնք նա գերադասել է չբարձրաձայնել մինչեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ առաջիկա բանակցությունները։ «Հետո ես ձեզ կպատմեմ, թե ինչ հարցեր են դրանք, եւ ինչ եմ ես այդ կապակցությամբ մտածում»,- հայտարարել է Փաշինյանը։
Անդրադառնալով Մադրիդյան սկզբունքներին՝ նա,մասնավորապես, նշել է, որ Ադրբեջանի մեկնաբանությունները Հայաստանի համար անընդունելի են, եւ չի բացառել, որ համանախագահները կարող են հայտարարել, որ Ադրբեջանը դրանք ոչ ճիշտ է մեկնաբանում։
«Ինչպե՞ս ես կարող եմ ասել՝ ընդունելի են այդ սկզբունքները, թե ոչ, մինչ այն, երբ կհասկանամ ինչ են մտածում այդ մասին իրենք՝ համանախագահները»,- ասել է Կառավարության ղեկավարը։




























