ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հանդիպել է Google Alphabet Inc-ի գործադիր տնօրենի հետ եւ քննարկել Չինաստանում ընկերության «քաղաքական արդարությունը» եւ բիզնեսը, տեղեկացնում է Reuters-ը։

«Նա վճռականապես հայտարարել է, որ լիովին հավատարիմ է ԱՄՆ ԶՈւ-ին, այլ ոչ թե չինացի զինվորականներին»,- գրել է Թրամփը Թվիթերում Google Alphabet Inc-ի գլխավոր տնօրեն Սունդար Փիչաիի հետ հանդիպման մասին։ «Քննարկվել են նաեւ քաղաքական արդարությունը եւ տարբեր բաներ, որոնք Google-ը կարող է անել մեր երկրի համար։ Հանդիպումն ավարտվել է շատ լավ»,- ասել է Թրամփը։

Ավելի վաղ ԱՄՆ Շտաբների պետերի միավորված կոմիտեի ղեկավար, հետեւակի գեներալ-մայոր Ջոզեֆ Դանֆորդը երկյուղներ էր հայտնել Չինաստանում Google-ի բիզնեսի հետ կապված։ Նրա խոսքով՝ Չինաստանում Google-ի կողմից արհեստական ինտելեկտի ստեղծման ջանքերը թույլ են տալիս չինացի զինվորականներին ստանալ տեխնոլոգիաներ, որոնք մշակվել են ԱՄՆ-ում եւ օգտվել դրանցից։ Նա նշել էր, որ ԱՄՆ շահերից չի բխում, որ ամերիկյան ընկերություններն օգնեն չինացի զինվորականներին հասնել տեխնոլոգիական հաջողությունների։

Անցած տարվա դեկտեմբերին Google ընկերության ղեկավարությունը ստիպված էր հրաժարվել Չինաստանի համար հատուկ որոնողական համակարգի ստեղծումից, որը կհամապատասխաներ այդ երկրում գրաքննության կոշտ պահանջներին, գրել էր «Կոմերսանտը»։ Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Dragonfly հատուկ որոնողական համակարգը պետք է հանի կոնտենտը, որը Չինաստանի ղեկավարությունը կգնահատի որպես անցանկալի։ Բացի այդ, ցանցում որոնման պատմությունը կշաղկապվի օգտատերերի հեռախոսահամարների հետ։