Հայաստանի կառավարությունը պետական բյուջեից 300 հազար դոլար է հատկացրել միջազգային բարձր հեղինակություն ունեցող ընկերությանը՝ Ամուլսարի ոսկու հանքավայրում փորձաքննության անցկացման համար: Այս մասին, այսօր՝ մարտի 28-ին, Ազգային ժողովում կառավարության 2018 թվականի գործունեության մասին հաշվետվության քննարկման շրջանակում, պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Գրիգորյանի հարցին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, փորձաքննությունը կպատասխանի մեկ հարցի՝ կա՞ն արդյոք բնապահպանական ռիսկեր, որոնք կարող են առաջանալ հանքավայրի շահագործման ընթացքում: «Պետք է պարզենք, կարելի է արդյոք դրանք կառավարվել կամ դրանք կառավարելի չեն, ընդունելի են մեզ համար կամ անընդունելի են: Ես սա պարզ ասում եմ: Եթե եզրակացությունը կլինի բացասական, որ ասեն ռիսկեր կան Ջերմուկի ջրային համակարգի եւ Սեւանա լճի համար, ուրեմն այդ ծրագիրն ընդհանրապես կփակվի: Եթե կասեն, որ այդ ռիսկերը մեծ չեն, կառավարելի են, այդ ծրագիրը կաշխատի»,- ասաց Փաշինյանը՝ խոստովանելով, որ խնդիրը մի փոքր ձգձգվել է նաեւ այն պատճառով, որ «Lydian» ընկերությունը, որը կառավարում է հանքավայրը, փաստացի հրաժարվել է համագործակցել Կառավարության հետ:
Փաշինյանի խոսքով, ինքը չի կարող աչքաչափով որոշումներ կայացնել, դրա համար դիմել են միջազգային կազմակերպությանը:
ԲՀԿ-ական պատգամավորը նաեւ նշեց, որ Ամուլսարի հետ կապված հայտնի է դարձել, որ «Լիդիան» ընկերությունն արդեն դիմել է միջազգային արբիտրաժ եւ բավական խնդիրներ առաջ քաշել:
Այս առնչությամբ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ամուլսարի հետ կապված մամուլում ընկալում կա՝ վայ, «Լիդիանը» դիմում է միջազգային դատարան, ուրեմն վերջ, կորանք ազգովի: Դիմում է՝ թող դիմի: Ինչու մենք մեզ այնքան անպաշտպան ենք զգում, որ ով ուզի կարող է մեզ անկյուն քշե՞լ: Այո, որոշ միջազգային ակտորներ կան, որ գալիս են, ասում՝ կդիմենք միջազգային դատարան եւ ուշադիր նայում են: Ու երբ զգում են, որ ՀՀ ներկայացուցիչը չի ուշաթափվում, իրենք են վատանում, իրենց ճնշումն է բարձրանում՝ ո՞նց, մեզանից չեք վախում... ո՛չ, չենք վախենում, էդ դուք մեզանից պետք է վախենաք, եթե վախենալու բան կա, եւ ոչ մենք ձեզնից»:











