Հայաստանի ամերիկյան համալսարանում մարտի 5-ին տեղի ունեցավ «Իրեր տարբերակող եւ դասակարգող ռոբոտների» մրցույթը: Մրցութն ավարտից անմիջապես հետո հայտարարվեցին Հայաստանի ռոբոտների բաց առաջնության` ԱրմՌոբոտիքսի երկու մրցույթների` «Գծին հետեւող ռոբոտ» եւ «Իրեր տարբերակող եւ դասակարգող ռոբոտ» եզրափակիչ փուլերի արդյունքները:
«Իրեր տարբերակող եւ դասակարգող ռոբոտ» մրցույթի հաղթող ճանաչվեց Ռեվոտեք թիմը, որի պատրաստած ռոբոտը դասակարգեց 2 գնդակ եւ 3 տարա՝ հավաքելով 193 միավոր։ Զբաղեցնելով առաջին տեղը` թիմը ստացավ մրցանակ՝ 300.000 դրամ։
Մրցույթին մասնակցող մյուս 2 թիմերը` Պոլիտեխնիկը եւ Թիմ Իքսը ստանացան խրախուսական մրցանակներ՝ յուրաքանչյուրը 50 000 ական դրամ ։
Ժյուրիին հրապարակեց նաեւ երեկ տեղի ունեցած՝ «Գծին հետևող ռոբոտ» մրցույթի հաղթողի անունը: Մրցույթի առաջին տեղը զբաղեցրեց Լայն Չեսթեր թիմը`հավաքելով 355 միավոր: Թիմը, որպես մրցանակ ստացավ 200 հազար դրամ:
Երկրորդ տեղը զբաղեցրեց Առվակ թիմը՝ ստանալով 100 հազար դրամ: Իսկ Ի-բոտ թիմը 50 հազար դրամ խրախուսական պարգևի արժանացավ:
«ԱրմՌոբոտիքս»-ի մենեջեր Մարիամ Նահապետյանը NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ռոբոտների մրցույթներում արձանագրվող ցուցանիշների աճը ակնհայտ է: Նրա խոսքով` այս տարի հատկապես կարեւոր էր առավել կրտսեր տարիքի մասնակիցների առկայությունը: Նշենք, որ այս տարի առաջին անգամ ավելի բարդ` «Իրեր տարբերակող և դասակարգող ռոբոտ» մրցույթին մասնակցեցին նաև Պոլիտեխնիկի վարժարանի սաները եւ արժանացան ծրախուսական մրցանակի: Ինչպես նաև խրախուսական մրցանակ ստացավ Թիմ Իքս թիմը, որը այս մրցույթին մասնակցում էր երկրորդ անգամ:
«Տարեցտարի մրցույթի մասնակիցները ավելի լավ են պատրաստվում եւ առավել լավ են կարողանում լուծել իրենց առջեւ դրված խնդիրը, սակայն լավ կլինի, որպեսզի պատրստվող ռոբոտները հետագայում կիրառություն գտնեն եւ օգտակար լինեն մեր երկրի համար»,-ասաց Մ. Նահապետյանը` հավելելով, որ դեռեւս այս ամենի նկատմամբ կազմակերպությունների հետաքրքրությունը մեծ չէ:
Նշենք, որ Հայաստանի ռոբոտների բաց առաջնութան կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։ 2011-ին ԱրմՌոբոտիքսի գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը: Առաջնության նպատակն է Հայաստանում վերականգնել եւ զարգացնել ռոբոտաշինությունը, բացահայտել ռոբոտաշինությամբ հետաքրքրվող երիտասարդների եւ նպաստել վերջիններիս ներգրավածությունը նոր տեխնոլոգիաների ոլորտում։





























