Ապրիլին Հայաստանում կայանալիք հայ-ռուսական միջռեգիոնալ համաժողովի եւ դրա շրջանակում կազմակերպվելիք արդյունաբերական ինովացիաների ցուցահանդեսի կազմակերպչական հարցեր են քննարկվել այսօր՝ մարտի 5-ին Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ:
ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ համաժողովի նպատակը երկու երկրների միջեւ հարաբերությունների ամրապնդումը, ապակենտրոնացված մակարդակով փոխգործակցության զարգացումն է: Այն նաեւ միտված է գործակցության նոր ոլորտների բացահայտմանը, երկու երկրների տնտեսվարող սուբյեկտների կողմից համատեղ ծրագրերի իրագործմանը:
Նման միջոցառում իրականացվում է առաջին անգամ, որին նախատեսվում է Հայաստանի հետ կապեր ունեցող ՌԴ սուբյեկտների ղեկավարների, ՀՀ մարզպետների, շահագրգիռ գերատեսչությունների եւ կազմակերպությունների, երկու երկրների մասնավոր ձեռնարկությունների ներկայացուցիչների, գործարարների մասնակցությունը:
Խորհրդակցությանը նշվել է, որ հիմնական երկու խոշոր կլոր սեղանները վերաբերելու են երկկողմ առեւտրատնտեսական կապերի զարգացմանն ու միջռեգիոնալ հարաբերությունների խորացմանը, որոնց շրջանակում անդրադարձ կլինի նաեւ զբոսաշրջության, էներգետիկայի, ենթակառուցվածքների զարգացման եւ մի շարք այլ ոլորտներում գործակցության հնարավորություններին: Նախատեսվում են նաեւ մշակութային միջոցառումներ:





























