Առաջարկվող օրինագծերի նպատակն է ընդլայնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող ընկերությունների գործունեության շրջանակը: Մարտի 28-ին Ազգային ժողովի նիստում «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի, ինչպես նաեւ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին քննարկմանն ասաց  ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը:

Նախարարը նշեց, որ օրինագծերի այս փաթեթը դրական եզրակացություն է ստացել կառավարության կողմից: Նրա խոսքով, շեշտը դրվում է էլեկտրոնային համակարգերի նախագծման, փորձարկման, արտադրության ընդլայնման, համակարգչային խաղերի ստեղծման եւ գրաֆիկայի զարգացման, ինչպես նաեւ ինտեգրման սխեմաների նախագծման եւ փորձարկման վրա:

«Մենք նաեւ ցանկանում ենք բարենպաստ պայմաններ ստեղծել Հայաստանի տարածքում խոշոր ՏՏ ընկերությունների մասնաճյուղերի գործունեության համար», - ասաց Արշակյանը` հավելելով, որ խոսքը  հատկապես այն ընկերությունների մասին է, որոնց մասնաճյուղերը գրանցված են եւ արդեն 5 տարի գործում են հանրապետությունում:

Սա, ըստ նախարարի, կնպաստի նոր ներդրումների, նոր տեխնոլոգիաների եւ գիտելիքների ներգրավմանը:

ՏՏ ընկերությունների կողմից հարկերից խուսափելու դեպքերի կանխարգելման համար ստեղծվում են նաեւ ռիսկերի կառավարման մեխանիզմներ: «Մենք նաեւ ցանկանում ենք նորաստեղծ ընկերություններին հնարավորություն տալ օգտվել հարկային արտոնություններից եւ առաջարկում ենք դրանց ժամկետը երկարաձգել մինչեւ 2022 թ. դեկտեմբերի 31-ը», - բացատրեց Հակոբ Արշակյանը:

Տվյալ օրինագիծն, ըստ նրա, շատ կարեւոր է նոր ՏՏ ընկերությունների համար եւ կարող է մեծացնել Հայաստանի ճանաչումը համաշխարհային շուկայում:

Նախարարը նշեց, որ 2015 թ.-ից շահութահարկի համար 0 տոկոսադրույքի եւ եկամտահարկի համար 10 տոկոսադրույքի կիրառումը թույլ է տվել զգալիորեն մեծացնել ՏՏ ընկերությունների թիվը, քանի որ դրանք հարկային արտոնությունների համար հավաստագրեր են ստացել:

 «Նորաստեղծ ընկերությունները բացել են մոտ 2400 նոր աշխատատեղեր, միջին աշխատավարձը տարեկան կազմում է 3,0-3,4 մլն դրամ», - եզրափակեց Հակոբ Արշակյանը: