ՏՏ ոլորտի գործունեությունն ապահովում է Հայաստանի համախառն ներքին արդյունքի 4,5 տոկոսը։ Այս մասին մարտի 28-ին «Տեղեկատվական տեխնոլոգիաների պետական ոլորտի աջակցության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծերի փաթեթի, ինչպես նաեւ Հարկային օրենսգրքում փոփոխությունների քննարկման ժամանակ ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ դիմելով տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանին։
Նրա խոսքով՝ այս ոլորտում արտահանումը կարելի է իրականացնել միայն մի կոճակի սեղմմամբ։ Ընդ որում՝ պատգամավորը հետաքրքրվել է նախարարից, թե կա արդյոք ՏՏ ոլորտում ստվերային բաղադրիչ։
Նախարար Արշակյանը, իհարկե, չի կարողացել գնահատել ստվերային տնտեսության հնարավոր պոտենցիալն ու ծավալներն այս ոլորտում եւ ասել է, որ պատրաստ է միայն քննարկել մեխանիզմները։ Նախարարի խոսքով՝ Ազգային ժողով ներկայացված օրինագիծը կոչված է նաեւ ընկերություններին դուրս բերելու իրավական դաշտ։





























