Հայաստանի Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը, Դմիտրի Մեդվեդեւն ու Իլհամ ԱԼիեւը այսօր՝ մարտի 5-ին Սոչիում տեղի ունեցած եռակողմ բանակցությունների արդյունքում համատեղ հայտարարություն են ընդունել:
Եռակողմ համատեղ հայտարարության մեջ ասվում է.
«Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները ՌԴ նախագահի հրավերով 2011թ. մարտի 5-ին հանդիպեցին Սոչիում եւ հանգամանորեն քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքն ու հեռանկարները:
Քննարկելով 2010թ. հոկտեմբերի 27-ին Աստրախանում ընդունված եռակողմ հայտարարության գործնական կիրառման հարցերը` նախագահները, ի լրումն դրանում նախատեսված միջոցառումների, պայմանավորվեցին վստահության հետագա ամրապնդման հետեւյալ քայլերի մասին.
1. Ամենակարճ ժամկետում ավարտել ռազմագերիների փոխանակումը
2. Ձգտել բոլոր վիճելի հարցերը լուծել խաղաղ միջոցներով եւ կրակի դադարեցման գծի երկայնքով կողմերի մասնակցությամբ անցկացնել հնարավոր միջադեպերի հետաքննություն` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո եւ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի աջակցությամբ:
Նախագահներն ընդգծեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերով իրենց պարբերական շփումների կարեւոր նշանակությունը եւ պայմանավորվեցին շարունակել դրանք այդ ձեւաչափով ` ի լրումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, 2010-ի հոկտեմբերի 27-ին Աստրախանում երեք երկրների նախագահները համատեղ հայտարարություն էին ընդունել, որում պայմանավորվել էին գերիների ու զոհվածների աճյունների փոխանակման շուրջ:
Բանակցությունները վարվել են Հայաստանում ու Ադրբեջանում գտնվող 8 ռազմագերիների, 6 քաղաքացիական անձանց եւ 3 զոհվածների աճյունների վերադարձի շուրջ: Հիշեցնենք, որ ադրբեջանական գերության մեջ զոհվել էր հայ հովիվ Մանվել Սարիբեկյանը: Վերջինս տարօրինակ հանգամանքներում մահացել էր Բաքվի բանտում: Մինչդեռ հայկական կողմում են ադրբեջանցի երկու դիվերսանտների՝ Ֆարիդ Ահմեդովի եւ Ադրբեջանի Ազգային հերոս հռչակված Մուբարիզ Իբրահիմովի դիակները:
Մանվել Սարիբեկյան
Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ 21-ամյա Մանվել Սարիբեկյանը գերեւարվել է 2010 թվականի սեպտեմբերի 11-ին: Նախնական տվյալներով՝ 20-ամյա երիտասարդը մի քանի խոշոր եղջերավոր անասունների տարել էր արոտավայր: Ժամը 17-ի սահմաններում «Քեղուտ» հանդամասում, մառախուղի հետեւանքով կորցնելով կողմնորոշումը նա հայտնվել էր հայ-ադրբեջանական սահմանի վրա եւ գերեվարվել ադրբեջանցիների կողմից:
2010 թվականի նոյեմբերի 04-ին ադրբեջանական կողմը Հայաստանին է հանձնել Մանվել Սարիբեկյանի դին, ով, ադրբեջանական պաշտոնական հայտարարությունների համաձայն, մահացել է 2010 թվականի հոկտեմբերի 5-ին՝ խեղդամահության հետեւանքով:
Դիակի նախնական զննությամբ պարզ է դարձել, որ այն պատշաճ կերպով չի պահպանվել Ադրբեջանում, քանզի դիակը եղել է քայքայված: Դիակի դատաբժշկական հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ դիակի վրա առկա են կտտանքների հետքեր, ինչը վկայում է, որ Մ.Սարիբեկյանը ենթարկվել է խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի:
ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով՝ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասով (դիտավորյալ սպանություն՝ առանձին դաժանությամբ): Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը:
Նախաքննության, դատաբժշկական փորձաքննության ընթացքում հետազոտության արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ:




























