Կրոնական հողի վրա բախումների արդյունքում Եգիպտոսի մայրաքաղաքի արվարձանում երկու մարդ է զոհվել: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, վկայակոչելով տեղական լրատվամիջոցները, հաղորդում է, որ ընդհարումներն սկսել են ուրբաթ երեկոյան Հելուանա շրջանում, երբ բացահայտվել է ղպտի երիտասարդի եւ մահմեդական աղջկա միջեւ կապը:

Կռիվն արագորեն վերաճել է ձեռնամարտի, ապա գործի է դրվել հրազենը: Սպանվել է երկու մահմեդական, եւս մեկը վիրավորվել է:

Զոհվածների հուղարկավորությունից հետո մահմեդական համայնքի ներկայացուցիչները հավաքվել են եկեղեցու մոտ` բողոք հայտնելու երիտասարդ ղպտիի ոչ արժանի պահվածքի առնչությամբ: Ավելի ուշ մի քանի մարդ ներխուժել են եկեղեցի եւ այրել այն: Ականատեսների տվյալներով` մահմեդականներն այրել են  նաեւ քրիստոնյայի հարազատներին պատկանող մի քանի տուն եւ խանութ:

Նշենք, որ Եգիպտոսի քրիստոնյա համայնքն ամենախոշորն է Մերձավոր Արեւելքում` 80 մլն բնակչության 10 տոկոսը: Թեեւ բուրգերի երկրում ղպտիներն ու մահմեդականները համամատաբար համերաշխ են, եւ երկրում կա կրոնական հանդուրժողականություն, սակայն ժամանակ առ ժամանակ նման միջադեպեր լինում են: