Լիբիական Էզ-Զավիա քաղաքը, որը գտնվում է մայրաքաղաք Տրիպոլիից 50 կմ դեպի արեւմուտք, անցել է երկրի նախագահ Քադաֆիի ուժերի հսկողության տակ, հաղորդում է «Ֆրանս-Պրեսս»-ը՝ վկայակոչելով Լիբիայի հեռուստատեսությունը:
Ավելի վաղ «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը հայտնել էր, որ Քադաֆիի կողմնակիցների ու հակառակորդների միջեւ տեղի ունեցած դաժան մարտերի հետեւանքով Էզ-Զավիայում զոհվել է առնվազն 13 մարդ: Ապստամբները Էզ-Զավիան իրենց վերահսկողության տակ էին վերցրել փետրվարի վերջին եւ դա համարում էին պլացդարմ՝ Տրիպոլիի վրա հարձակվելու համար:
Մուամար Քադաֆիի զորքերը այսօր տանկերի օգնությամբ գրոհել են Էզ-Զավիան եւ մարդերը տեղափոխվել են քաղաքի փողոցներ: Երկու ժամ առաջ քաղաք են մտել 15 զրահամեքենա եւ տանկ:
«Ռոյթերզի» փոխացմամբ, բանակը հրետանային կրակ է բացել քաղաքի վրա: Տարբեր տվյալներով, դաժան բախումների հետեւանքով Էզ-Զավիայում մինչեւ 50 մարդ է զոհվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Լիբիայում զանգվածային հուզումներն սկսվել են փետրվարի 15-ից: Ցուցարարները պահանջում են նախագահ Մուամար Քադաֆիի հրաժարականը, ով ղեկավարում է երկիրը 42 տարի: Քադաֆին ցուցարարների դեմ է հանել օդուժն ու բանակը, որի հետեւանքով զոհերի թիվն հասնում է արդեն 6 հազարի: Սեփական ժողովրդի դեմ օգտագործվել են օտարերկրյա վարձկաններ:
Փետրվարի 28-ին Եվրամիությունը պաշտոնապես սանկցիա է կիրառել Լիբիայի նկատմամբ: Դրանով ծրագրվում է արգելել Լիբիա զենք-զինամթերք մատակարարումը, որը կարող է օգտագործվել բողոքի ալիքը զսպելու համար: Բացի այդ, ամենայն հավանականությամբ, կսառեցվեն Լիբիայի նախագահ Մ. Քադաֆիի ու նրա հարազատների բանկային հաշիվները:
Մարտի 1-ին հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ը պատրաստվում է հրթիռային հարվածներ հասցնել Լիբիայի տարածքում գտնվող` Քադաֆիի հսկողության տակ եղած զինված ուժերին:
Հայաստանը Լիբիայից տարբանել է իր 4 քաղաքացիներին



























