Հայաստանի խորհրդարանը մարտի 29-ին երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Ազգային ժողովի Կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը, որը վերաբերում է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում թեկնածուի առաջադրման կարգին։ «Կողմ» քվեարկեց 93 պատգամավոր։

Քննարկվում էր այն դրույթը, որի համաձայն՝ ՍԴ դատավորի ընտրությունը, ներառյալ թեկնածուի առաջադրումը եւ պաշտոնի ստանձնումը, պետք է ամրագրվեն «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում։ Հենց սրանով է պայմանավորված փոփոխություններ մտցնելու անհրաժեշտությունը, հակառակ դեպքում Հայաստանում կգոյանար հակասահմանադրական իրավական վակուում։

Օրինագծի էությունը հետեւյալն է։ Հայաստանի կառավարությունն առաջարկել է ԱԺ Կանոնակարգից հանել այն դրույթը, համաձայն որի, եթե Սահմանադրական դատարանի դատավորը չի ընտրվում, ապա լիազոր մարմինը (հանրապետության նախագահը- խմբ.) պետք է 10 օրվա ընթացքում դատավորի նոր թեկնածու առաջադրի։

Լրացման էությունն այն է, որ լիազոր մարմինը Ազգային ժողովի կողմից թեկնածուի չընտրվելու դեպքում պետք է նորից նույն թեկնածությունն առաջադրի։

Սակայն Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկումներից հետո խորհրդարանականները եկան ընդհանուր հայտարարի եւ որոշեցին հրաժարվել «նորից» թեզից՝ թողնելով նախկինը՝ «նոր»։ Փոփոխությունների ենթարկվեց միայն ժամկետը։ 10 օրվա փոխարեն լիազոր մարմինը պետք է ՍԴ դատավորի թեկնածու ներկայացնի մեկ ամսվա ընթացքում։