ԱՄՆ Kearsarge եւ Ponce ռազմանավերը դուրս են եկել հունական Կրեթե կղզու Խանիա քաղաքի Սուդա նավահանգստում գտնվող ամերիկյան ռազմակայանից եւ ուղղություն վերցրել դեպի Լիբիայի ափերը: Այս մասին հայտնել է ռազմակայանի ներկայացուցիչ Փոլ Ֆարլին: Նրա խոսքով, ծովային հետեւակը, որը գտվում է Kearsarge եւ Ponce նավերի վրա, Սուդայի ռազմակայան էին տեղափոխվել «տարածաշրջանում ուժերի վերատեղաբաշխման շրջանակներում, որը կապված է Լիբիայի հետ», հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

ԱՄՆ-ն իր Enterprise ավիակիրը, որը պարեկություն է անում Սոմալիի ափերին, տեղաշարժել է դեպի Լիբիա, որի նպատակը Լիբիայի դեմ հնարավոր ռազմական գործողությունների դեպքում օժանդակություն ցուցաբերելն է: Նավը Սուեզի ջրանցք է մտել փետրվարի 15-ին, թեեւ Պենտագոնը պնդում է, որ ջրանցքով անցնելու հրաման դեռ չկա: