Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ մարտի 29-ին Վիեննայում կայացած հանդիպումը պարունակում է ինչպես դրական, այնպես էլ բացասական կամ առնվազն տարակուսելի արձանագրումներ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Դրականն առաջին հերթին բուն բանակցությունների կայացման փաստն է ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հովանու ներքո։ Կարող ենք արձանագրել, որ բանակցային գործընթացը վերադարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափ, քանի որ անցած ամիներին այն կարծես դուրս էր եկել մեզ համար չափազանց կարեւոր այդ ձեւաչափից։ Եվ խորհրդանշական է, որ դա տեղի ունեցավ Վիեննայում, այնտեղ, որտեղ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո ամերիկյան կողմի նախաձեռնությամբ կայացած գագաթաժողովի արդյունքում ձեռք բերվեցին հայկական կողմի համար չափազանց կարեւոր պայմանավորվածություններ եւ Ադրբեջանը ստանձնեց մի շարք կարեւոր պարտավարությունները, որոնք հետագայում, իհարկե, կյանքի չկոչվեցին։

Վիեննայի հանդիպման դրական արդյունք պետք է համարել նաեւ այն, որ համանախագահների կողմից հանդիպումը որակվել է որպես «կառուցողական» եւ որ կողմերը համաձայնել են շարունակել բանակցությունները։ Դրականն այսքանով, ըստ էության ավարտվում է եւ առաջ են գալիս տարակուսանքները։

Մասնավորապես ոչ հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունում, ոչ Ավստրիայի հայ համայնքի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիմանը Նիկոլ Փաշինյանի ներկայացրած պարզաբանումներում, ոչ Իլհամ Ալիեւի հայտարարություններում որեւէ խոսք չկա Արցախի բանակցային սեղան վերադարձնելու մասին։

Վարչապետի խոսքում ոչինչ ասված չէ նաեւ բանակցային գորընթացում ներառված մադրիդյան 3 սկզբունքների եւ 6 տարրերի մեկնաբանության մասին։ Մինչդեռ սրանք էին բանակցային գործընթացում Հայաստանի օրակարգի հիմնական տարրերը, որոնք ներկայացրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին Ստեփանակերտում կայացած Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում։

Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ Վիեննայի հանդիպման ժամանակ հայկական օրակարգը չի քննարկվել կամ քննարկվել է այնպիսի համատեքստում, որ դրա մասին որեւէ արձանագրում տեղ չի գտել ոչ համանախագահների, ոչ երկու երկրների ղեկավարների հրապարակային խոսքում։

Հանդիպման միակ շոշափելի արձանագրումը մարդասիրական քայլեր կատարելու մասին պայմանավորվածությունն է։ Թեեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի ուշ հայ համայնքի հետ կայացած հանդիպմանը որոշակի պարզաբանումներ է ներկայացրել այդ առնչությամբ, արդյուհանդերձ դեռեւս միարժեքորեն հասկանալի չէ՝ ինչ են ենթադրելու այդ հումանիտար քայլերը։

Վիեննայի հանդիպման առանցքային ձեռբերում պետք է համարել հրադադարի ռեժիմի պահպանմանն ուղղված համաձայնությունների կայացումը։ Եթե ավելի պարզ՝ կարող ենք արձանագրել, որ Վիեննայի հանդիպման արդյունքներով գրեթե բոլոր փորձագետների կողմից անխուսափելի համարվող պատերազմը հետաձգվում է։ Ինչ ժամկետով, բնականաբար, դժվար է ասել։

Հայաստանի համար այդ ժամանակահատվածը հնարավորություն է ամրանալու, հզորանալու, տնտեսությունը, հանրային կյանքը որակապես նոր մակարդակի բերելու համար։

Մինչդեռ մենք այդ ուղղությամբ որեւէ տեսանելի տեղաշարժ չենք տեսնում։ Հայաստանի կառավարությունը զբաղված է տնտեսության օպերատիվ կառավարմամբ, մենք դեռեւս չենք տեսել տնտեսության բեկումնային զարգացման ռազմավարություններ, հայեցակարգեր ու ծրագրեր։ Մենք ունենք պետական կառավարման համնակարգերի աններդաշնակության, զարգացման անհամաչափության խնդիր եւ մեր անվտանգության ապահավումը շարունակում է կախված մնալ միայն զինված ուժերից։

Մինչդեռ անվտանգության ապահավումը պետական կառավարման բոլոր համակարգերի ու բոլոր մարմինների խնդիրն է, մենք արցախյան հարցի ցանկացած լուծման պետք է պատրաստվենք ոչ միայն մարտունակ զինված ուժերով, այլեւ հզոր տնտեսական ու սոցիալական համակարգերով, բարենորոգված հանրային հարաբերություններով ու դեմոգրաֆիական փոփոխված պատկերով, ճկուն արտաքին քաղաքականությամբ ու դիվանագիտությամբ։