Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ վերահսկող մարմիններն ու կառավարությունները պետք է ավելի ակտիվ մասնակցեն ինտերնետ-կոնտենտի վերահսկողության գործում, հաղորդում է BBC News-ը՝ հղում կատարելով Washington Post-ին հասցեագրված Ցուկերբերգի բաց նամակին:

Նա հայտարարել է, որ վնասակար բովանդակության համար պատասխանատվությունը շատ մեծ է, եւ չպետք է վերաբերի միայն ընկերություններին:

Ցուկերբերգը կոչ է արել նոր օրենքներ ընդունել վնասակար կոնտենտի կարգավորման, ընտրության ամբողջականության ապահովման, ինչպես նաեւ մասնավոր կյանքի եւ բջջային տվյալների պաշտպանության ոլորտներում:

«Օրենսդիրները հաճախ ասում են ինձ, որ մենք ունենք չափազանց մեծ խոսքի իշխանություն եւ, ճիշտն ասած, ես համաձայն եմ»,-գրել է նա՝ հավելելով, որ Facebook-ը «ստեղծվում էր որպես անկախ մարմին, որպեսզի մարդիկ կարողանային դիմել տեղադրված եւ հեռացված կոնտենտի վերաբերյալ հարցերով»:

Նա գրել է նաեւ նոր կանոնները, որոնք կցանկանար տեսնել ՏՏ ոլորտի ընկերություններում:

Ցուկերբերգը հայտարարել է, որ այդ ուղղումները պետք է համընդհանուր լինեն բոլոր վեբ-կայքերի համար, ինչը թույլ կտար հեշտությամբ կանխել վնասակար կոնտենտի տարածումը: