Մշակույթի ոլորտում ստեղծված վիճակը կապված է քաոսային վիճակի հետ, որը կա կառավարությունում, որտեղ մարդիկ չգիտեն ինչ անեն, չգիտեն՝ մնալու են իրենք, թե չեն մնալու: Այս մասին, այսօր՝ պրիլի 1-ին Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ մեկնաբանելով Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի՝ Օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի տնօրենին աշխատանքից ազատելու մասին որոշումը:
«Տեսեք, արդեն ԱԺ երրորդ նստաշրջանում էլի եկան սահմանադրության խախտմամբ հարցերին պատասխանեցին: Իրենք իրավունք չունեն մոտենալ ամբիոնին, որովհետեւ կառավարության անդամ չեն, չեն երդվել: Իսկ Սահմանադրությունն ասում է, որ ԱԺ պատգամավորների հարցերին պատասխանում են կառավարության անդամները: Այդ քաոսը պետք է արագ վերացնել: Մշակույթի ոլորտում այդ խայտառակ իրավիճակը, քաոսը, հենց այն պատճառով է, որ չկա տեսլական, թե ինչ պետք է անել: Պատկերացրեք մշակույթի նախարարությունը ԿԳՆ-ի մեջ լիներ, որը առաջարկել է կառավարությունը: Մեծ քաոս է այդտեղ, շունը տիրոջը չի ճանաչում: Հետեւաբար, պետք է այդպես էլ լիներ»,-ընդգծեց Մարուքյանը՝ հավելելով, որ իրենք առաջարկել են ունենալ մշակույթի նախարարություն, իսկ ներքեւի օղակում ինքնակառավարման հնարավորություններ տալ:
Նա նաեւ նշեց, որ «Լուսավոր Հայաստանը» հարցում է ուղարկել Կոնստանտին Օրբելյանին պաշտոնից հեռացնելու օրինականության վերաբերյալ: «Ես կարծում եմ՝ էդտեղ պետք է կրքերը մի քիչ թուլացնել: Այնպես չլինի, որ ոլորտը տուժի, նախատեսված միջոցառումները չարվեն»:











