Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից հրապարակված «Ճամփորդություն եւ զբոսաշրջություն. մրցունակություն 2011» զեկույցում 139 երկրների շարքում Հայաստանը զբաղեցրել է 90-րդ տեղը։
Նախորդ տարվա համեմատությամբ սա առաջընթաց է մեկ աստիճանով։
Զեկույցում Վրաստանը հայտնվել է 73-րդ, Ադրբեջանը՝ 83-րդ, Թուրքիան` 50-րդ, Իրանը` 114-րդ տեղերում։
Եվրոպական 42 երկրների շարքում Հայաստանը 40-րդն է։ Հայաստանից ավելի վատ ցուցանիշներ ունեն Բոսնիա եւ Հերցեգովինան ու Մոլդովան:
Զեկույցի առաջատարներ են համարվում Շվեյցարիան, Գերմանիան, Ֆրանսիան, Ավստրիան, Շվեդիան, Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Կանադան եւ Սինգապուրը:
Վարկանիշային ցուցակը կազմվել է հաշվի առնելով մի շարք պայմաններ՝ տվյալ երկրի օրենսդրությունը, շրջակա միջավայրի կայունությունը, ապահովությունը, առողջության ու հիգիենայի պահպանումը, ճամփորդության ու զբոսաշրջության առաջնահերթությունը, ավիացիոն ու ցամաքային տրանսպորտի ենթակառույցները, գները, բնությունը, մարդկային, մշակութային հարստությունը:
Զեկույցում նաեւ նշվում է, որ 2010 թվականին զբոսաշրջության ոլորտում գրանցվել է 5-6 տոկոսի աճ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։





























