«Մոսկվա» կինոթատրոնում մարտի 8-ին ժամը 16:00-ին տեղի կունենա Բրիտանական ֆիլմերի 9-րդ փառատոնի բացման հանդիսավոր արարողություն:

Բացման խոսքով հանդես կգան ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը, Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը եւ BMI ավիաընկերության բիզնես վաճառքի ղեկավար Սիմոն Ավագյանը: Փառատոնի բացման արարողության հատուկ հյուրն է VO.X բրիտփոփ խումբը:

Մարտի 8-13-ը Երեւանում, 10-12-ը Վանաձորում, իսկ 14-16-ը Կապանում Բրիտանական խորհուրդը Երեւանում Բրիտանական դեսպանատան եւ BMI ավիաընկերության աջակցությամբ կազմակերպում է Բրիտանական ֆիլմերի իններորդ փառատոնը: Կցուցադրվի վեց ֆիլմ`«Արտադրված է Դագենհեմում», «Արբոր», «Վարդագույն սարիներ», «Ժողովրդի թշնամիները», «Բաբելոնի զավակը», «Ըստ կասկածանքի»: Ֆիլմերը վեր են հանում խնդիրներ, որոնք կարեւոր եւ էական են աշխարհի ցանկացած անկյունում ապրող մարդկանց համար: Պատերազմի արհավիրքների դեմ պայքարող մարդկանց, ընտանեկան երջանկության ձգտող կանանց եւ համակարգային անարդարությունների մասին պատմող ֆիլմերը բրիտանական ժամանակակից կինոարվեստի լավագույն աշխատանքներից են:

Փառատոնի հյուրն է հեռարձակման, կապի եւ միջոցառումների մասնագետ Սառա Ռոսը: Նա աշխատել է Channel 4-ում, BBC-ում, Amnesty International-ում եւ Channel 4 BRITDOC Foundation-ում: Սառա Ռոսը վարպետության դասեր կանցկացնի ուսանողների համար եւ սեմինարներ Վանաձորում ու Կապանում: Մարտի 10-ին փառատոնի շրջանակում կկազմակերպվի աշխատաժողով, որի ընթացքում կինոգործիչները կքննարկեն հասարակական կազմակերպությունների, ապրանքանիշերի եւ զանգվածային լրատվամիջոցների հետ համագործակցության նոր մոդելներ:

Ֆիլմերը Երեւանում կցուցադրվեն Մոսկվա կինոթատրոնում ժամը 17.00-ին անգլերեն, իսկ 19.00-ին հայերեն ենթագրերով: Վանաձորում ֆիլմերը կցուցադրվեն Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում ժամը 15.00-ին, իսկ Կապանում`Մշակույթի կենտրոնում ժամը 16.00-ին: Մուտքն ազատ է: