Գեղարքունիքի մարզի Դարանակ գյուղում համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրությունները կարող են անվավեր ճանաչվել: Ընտրություններից առաջ մոտ 10 օրվա ընթացքում գրանցված բնակիչների թիվն աճել է մեկ երրորդով:
Մինչեւ փետրվարի 24-ը Դարանակ գյուղում գրանցված բնակիչների թիվը եղել է 122, սակայն մինչ ընտրությունների օրը համայնքում գրանցված քաղաքացիների թիվն հասել է 181-ի:
Կիրակի օրը անցկացված ընտրությունների ընթացքում միջադեպեր չեն արձանագրվել, երեկոյան 20-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 124 ընտրող, ընտրությունների արդյունքներն առայժմ չեն հրապարակվել:
Թիվ 23 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Վարդան Նիկողոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է, որ հանձնաժողովի նիստում ընտրությունները կարող են անվավեր ճանաչվել, քանի որ ընտրելու իրավունք ունեցող շուրջ 60 քաղաքացիներ, կամ ընտրողների մեկ երրորդը, հնարավորություն չեն ունեցել մասնակցել քվեարկությանը:
Գյուղապետի թեկնածուներից մեկը` Դարանակի բնակիչ, անկուսակցական Գյուլնազ Գրիգորյանը, իր հերթին հայտնել է, որ ընտրություններից առաջ գյուղում գրանցվել են այլ համայնքի բնակիչներ: Ըստ նրա, այդ ամենի կազմակերպիչները համայնքի ղեկավարի մյուս երկու թեկնածուներն են` գործող գյուղապետ, Հանրապետական կուսակցության անդամ Վլադիմիր Սարկիսյանը եւ նույնպես հանրապետական Վահան Մարգարյանը: Հանրապետական երկու թեկնածուներն էլ հերքել են հարեւան գյուղից ընտրողներ ներգրավելու մասին մեղադրանքները:
Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանը խոստացել է ամբողջական ուսումնասիրություն անցկացնել փաստի վերաբերյալ եւ որեւէ խախտում հայտնաբերելու դեպքում խախտողներն անպայման կենթարկվեն պատասխանատվության:





























