Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարած ժամանակը մոտենում է: Լրագրողների հետ զրույցում այս ինտրիգային հայտարարությամբ հանդես եկավ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Այսօր՝ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի 3-րդ տարելիցի օրը, նախկին նախագահ Սերժ Սարգսյանը եւ ՀՀԿ ներկայացուցիչներն այցելեցին Եռաբլուր պանթեոն եւ հարգանքի տուրք մատուցեցին զոհված զինվորներին: Սակայն նախկին նախագահը չցանկացավ շփվել լրագրողների հետ՝ առաքելությունը փոխանցելով Արմեն Աշոտյանին:
Հարցին՝ թե երբ է գալու նախկին նախագահի խոստացած հայտարարությունների ժամանակը, Աշոտյանն ասաց, որ չի եղել երբեւէ, որ խոստանան եւ չանեն, եւ «շուտովը նշանակում է շուտով»: Ե՞րբ շուտով: «Մի քանի շաբաթ առաջ մենք չէինք ասում շուտով: Այժմ ասում ենք: Ինչպես տեսնում եք, դինամիկան դրական է», - ասաց Աշոտյանը՝ հավելելով, որ «նախագահ Սարգսյանի խոսքը պահանջված է եւ դրան սպասում են»:
Աշոտյանը նկատեց, որ Սերժ Սարգսյանի համարյա մեկ տարվա լռությունը պակաս պերճախոս չէր, քան հնարավոր հարցազրույցը:
«Ամեն ինչ իր ժամանակն ու ներքին քաղաքական տրամաբանությունն ունի, որին համապատասխան Սերժ Սարգսյանը կխոսի: Որպես քաղաքական առաջնորդ, նա ասելիք ունի», - նկատեց Աշոտյանը:











