Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները խանգարում են ամբողջ երկրով ջրհեղեղից տուժածներին օգնություն տրամադրելու ջանքերին, գրում է Mehr-ը:

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին ասել է, որ ԱՄՆ-ն արգելք է դրել Իրանի Կարմիր Մահիկի հաշիվներին:

Նրա խոսքով՝ այդ միջոցը խանգարում է ամբողջ երկրով ջրհեղեղից տուժածներին օգնություն տրամադրելու ջանքերին:

«Քանի որ իրանական Կարմիր Մահիկի բոլոր հաշիվները սառեցվել էին (ԱՄՆ պատժամիջոցների արդյունքում), ոչ ոք չի կարող ֆինանսական օգնություն ուղարկել արտասահմանից», - ավելացրել է Ղասեմին՝  ԱՄՆ-ի գործողությունները անմարդկային եւ վրդովեցուցիչ անվանելով:

Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հաշիվների սառեցման կապակցությամբ Միացյալ Նահանգներին մեղադրել էր «տնտեսական ահաբեկչության» մեջ:

Աննախադեպ հորդառատ անձրեւները հեղեղումների պատճառ էին դարձել Իրանի տարբեր շրջաններում: Տասնյակ մարդիկ զոհվել եւ տուժել են:

Ներքին գործերի նախարար Աբդոլրեզա Ռահմանի Ֆազլիի խոսքով, ավերիչ ջրհեղեղներից տուժել են 15 մարզերի 400 գյուղեր եւ քաղաքներ:

 Ջրհեղեղից տուժած տարածքներում ավերվել է ավելի քան 80 կամուրջ: Նա ավելացրել է, որ ավելի քան 150 գետեր դուրս են եկել ափերից, արդյունքում երկրում գրանցվել է շուրջ 409 սողանք: