Ճարտարապետության եվ շինարարության հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) ուսանողական խորհուրդն այսօր՝ ապրիլի 2-ին, Քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար կազմակերպել է մոմերով երթ դեպի Եռաբլուր պանթեոն:
Երթը մեկնարկել է Եռաբլուր պանթեոնի դիմացից:
Հիշեցնենք, որ այս տարի լրանում է Ապրիլյան քառօրյա պատերազմի երրորդ տարելիցը։
Ապրիլի 2-5-ը մարտեր ընթացան շփման գծի ողջ երկայնքով, առավել թեժ մարտեր ընթացան ռազմաճակատի վերածված առաջնագծի հարավային (Հադրութ) եւ հյուսիսարեւելյան (Մարտակերտ) ուղղություններով։
Հայկական կողմից ռազմական գործողությունների հետեւանքով զոհվել է 110 եւ վիրավորվել 121 զինծառայող եւ կամավորական: Ինչ վերաբերում է Ադրբեջանի կորուստներին, այդ երկրի ՊՆ-ն շրջանառության մեջ դրեց 31 զոհի մասին կեղծ հաղորդագրությունը, նույն օրը ադրբեջանական «Мейдан ТВ» անկախ հեռուստաալիքը հանրության ուշադրությանը ներկայացրեց 93 զոհերի մասին հաստատող ցուցակը, իսկ «OSTKRAFT» վերլուծական կենտրոնը հրապարակեց տվյալ ըստ Ադրբեջանի ԶՈւ Գլխավոր շտաբի իր աղբյուրների տրամադրած փակ տեղեկատվության, որ զոհերը կազմել են շուրջ 800 մարդ:
Բացի մեծաքանակ կենդանի ուժից ադրբեջանական բանակը կորցրեց 24 տանկ, 4 միավոր հետեւակի մարտական մեքենա (ՀՄՄ), 1 «Գրադ» ռեակտիվ հրթիռահրետանային կայանք, 1 ինժեներասակրավորային տեխնիկա, 2 միավոր «МИ-24» տիպի մարտական ուղղաթիռ, 14 հատ տարբեր տեսակի (հարվածային եւ հետախուզական) անօդաչու թռչող սարք, տասնյակ ավտոմոբիլային տեխնիկա եւ այլն:
Քառօրյա ռազմական գործողությունների արդյունքում հակառակորդին հաջողվեց մարտագծի հարավային թեւում տիրել 1500մ լայնությամբ եւ 450մ խորությամբ բնագծի (67,5հա) կամ զբաղեցնել 6 մարտական դիրք, իսկ հյուսիսային ուղղությամբ՝վերահսկողության տակ առնել 4300մ լայնությամբ եւ 1000մ խորությամբ առաջնագիծ (430հա) կամ՝ 13 մարտական դիրք: Ընդհանուր առմամբ, չորսօրյա ինտենսիվ մարտերի ընթացքում ադրբեջանական բանակը գրավեց 19 դիրք, կամ մակերեսային միավորով արտահայտված շուրջ 500 հեկտար տարածք:














