Ադրբեջանը ոչ միայն շանտաժով է զբաղված, այլ նաեւ բանակցային ամեն մի փուլում հայ զինվորներ է սպանում, որպեսզի իր շանտաժը շատ ավելի համոզիչ լինի: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ մարտի 7-ին հայտարարեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանը` անդրադառնալով Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը:

«Հայաստանն իրավունք չունի թեկուզ մեկ զինվոր կորցնել` մեկ բանակցային փուլի համար: Այս բանակցային տրամաբանության մեջ Հայաստանը ստիպված է եւ պարտավոր է այնպիսի փոփոխություն մտցնել, որ Ադրբեջանն ինքը վախենա մինչեւ բանակցություններն անգամ մի կրակոց արձակել: Այդ կրակոցը պետք է աշխատի Ադրբեջանի դեմ»,-հայտարարեց Սարգսյանը: Նրա խոսքով` այն բոլոր հայտարարությունները, որոնք մինչ այս եղել են Հայաստանի կողմից` Ադրբեջանին զսպելու համար, պիտի դառնան քաղաքականություն:

«Եթե բանակցություն է նշանակված, եւ հայ զինվոր է սպանվում, ապա պետք է քայլ անել: Օրինակ` ճանաչել Ղարաբաղի անկախությունը, ինչի մասին հայտարարվել է Հայաստանի կողմից, կամ առնվազն չգնալ բանակցությունների: Սա կստիպի Ադրբեջւանին հրաժարվել այս արատավոր պրակտիկայից»,-նկատեց  Սարգսյանը` հավելելով, թե բանակցությունները կարող են տարիներով շարունակվել, սակայն «մենք չենք կարող ամեն մի փուլի համար մի քանի զինվորի կյանք տալ»:

Հիշեցնենք, որ Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի նախագահները ՌԴ նախագահի հրավերով 2011թ. մարտի 5-ին հանդիպեցին Սոչիում եւ քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքն ու հեռանկարները: Քննարկելով 2010թ. հոկտեմբերի 27-ին Աստրախանում ընդունված եռակողմ հայտարարության գործնական կիրառման հարցերը` նախագահները, ի լրումն դրանում նախատեսված միջոցառումների, պայմանավորվեցին վստահության հետագա ամրապնդման հետեւյալ քայլերի մասին.

1.Ամենակարճ ժամկետում ավարտել ռազմագերիների փոխանակումը

2.Ձգտել բոլոր վիճելի հարցերը լուծել խաղաղ միջոցներով եւ կրակի դադարեցման գծի երկայնքով կողմերի մասնակցությամբ անցկացնել հնարավոր միջադեպերի հետաքննություն` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո եւ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի աջակցությամբ:

Նախագահներն ընդգծեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերով իրենց պարբերական շփումների կարեւոր նշանակությունը եւ պայմանավորվեցին շարունակել դրանք այդ ձեւաչափով ` ի լրումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի»: