Գերագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը Մոսկովյան եւ Ամենայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ հանդիպման ժամանակ խնդրել է որպես միջնորդ հանդես գալ ադրբեջանական գերության մեջ հայտնված Կարեն Ղազարյանի ազատման հարցում։ Հանդիպումն անցել է պատրիարք Կիրիլի Դանիլովյան առանձնատանը, ապրիլի 2-ին՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Ցանկանում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել այս միջադեպի վրա։ Վերջերս 20 տարվա ազատազրկման է դատապարտվել դեռեւս ամռանը անհայտ հանգամանքներում Ադրբեջանի տարածքում հայտնված Հայաստանի Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանը, որը հոգեկան խնդիրներ ունի»,- ասել է հայ հոգեւոր առաջնորդը։

Նրա խոսքերով, Ղազարյանի հանդեպ դատավճիռը ընդունվել է մարդու իրավունքների ակնհայտ խախտումով։ «Այդ հարցում, նկատի ունենալով հոգեւոր առաջնորդների մեր նախկին փորձը, դիմում ենք Ձերդ սրբությանը՝ միջնորդելու Ադրբեջանի հոգեւոր եւ աշխարհիկ իշխանությունների մոտ՝ երիտասարդին ընտանիքին վերադարձնելու համար՝ միջազգային պարտավորությունների համաձայն»,- ասել է Գարեգին II-ը։

Հայոց հոգեւոր առաջնորդը նաեւ շնորհակալություն է հայտնել պատրիարքին՝ «որպես ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստելու նպատակով հոգեւոր առաջնորդների եռակողմ հանդիպումներ կազմակերպելու համար»։

«Լեռնայինղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորումն է էական տարածաշրջանում խաղաղության եւ կայունության համար։ Խնդրի լուծման համար առաջնահերթ կարեւորություն ունի խաղաղությանը նպաստող մթնոլորտի ստեղծումը, այդ թվում՝ փոխադարձ վստահության ամրապնդմանը եւ ռազմատենչ հռետորաբանության նվազեցմանն ուղղված միջոցառումների անցկացումը։ Հայաստանի իշխանությունները, ժողովուրդը հաստատակամ են իրենց կամարտահայտման եւ խաղաղության ու համերաշխության ձգտման մեջ, սակայն այդ ուղին չի կարող միակողմանի լինել»,- հավելել է Գարեգին II-ը։

Հիշեցնենք, որ ՀՀ Տավուշի մարզի Բերդավան գյուղի 34-ամյա բնակիչ Կարեն Ղազարյանը անցյալ տարվա հուլիսի 15-ին հայտնվել էր Ադրբեջանի տարածքում։ Այն ժամանակ ադրբեջանական կողմը տեղեկատվություն էր տարածել «սահմանին Հայաստանի ԶՈւ դիվերսիոն-հետախուզական խմբի ներխուժումը կանխելու», ինչպես նաեւ 1984թ․ ծնված հայ զինծառայող Կարեն Ղազարյանի գերեվարության մասին։ Իր հերթին, ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր, որ Կարեն Ղազարյանը չի ծառայում եւ երբեք չի ծառայեկ ՀՀ ԶՈւ-ում։

2019թ․ փետրվարի 27-ին Կարեն Ղազարյանը Ադրբեջանում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման՝ խստացված ռեժիմի պայմաններում։