Սոչիում մարտի 5-ին Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումն առանձնակի ճեղքում չարձանագրվեց Բաքվի ապակառուցողական դիրքորոշման պատճառով, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` մեկնաբանելով եռակողմ հանդիպման արդյունքները:
Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, թե երեք նախագահների համատեղ հայտարարության ստորագրումը կարելի է որոշակի առաջընթաց համարել բանակցային գործընթացում: «Հատկանշական է հայտարարության երկրորդ կետը, որում ընդգծվում է հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը եւ խոսվում է ԵԱՀԿ Մինսկի շրջանակներում շփման գծում հնարավոր միջադեպերի հետաքննություն անցկացնելու մասին: Այդ դրույթը, ըստ էության, շփման գծում խաղաղության պահպանման որոշակի երաշխիքներ է ստեղծում»,- հայտարարել է Զոհրաբյանը` նշելով, որ այդ դրույթը ձեռնտու չէ Բաքվին, քանի որ հրադադարի ռեժիմը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը: Ըստ պատգամավորի, եթե լիներ Ալիեւի կամքը, նա չէր ստորագրի տվյալ հայտարարությունը: «Բայց որտե՞ղ է երաշխիքը, որ նա կպահպանի իր իսկ ստորագրած հայտարարության դրույթները: Մենք բազմիցս ականատես ենք եղել, թե ինչպես է Ադրբեջանը խախտում իր ստորագրած փաստաթղթերը»,- նկատել է Զոհրաբյանը:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները մարտի 5-ին Սոչիում հայտարարություն են ընդունել, որում պարտավորվել են
-Ամենակարճ ժամկետում ավարտել ռազմագերիների փոխանակումը
-Ձգտել բոլոր վիճելի հարցերը լուծել խաղաղ միջոցներով եւ կրակի դադարեցման գծի երկայնքով կողմերի մասնակցությամբ անցկացնել հնարավոր միջադեպերի հետաքննություն` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո եւ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի աջակցությամբ:
Նշենք, նաեւ որ հանդիպման նախօրեին ադրբեջանական դիպուկահարի գնդակից զոհվել էր հերթական հայ զինվորը: Պաշտոնական Բաքուն համառորեն հրաժարվում է ընդունել միջնորդների` շփման գծից դիպուկահարների դուրս բերման վերաբերյալ առաջարկությունը:



























