Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման հիմնական նպատակը համաձայնության գալն է Աստրախանում 2010 թվականի հոկտեմբերի 27-ին արված եռակողմ հայտարարության իրականացման շուրջ։ Մարտի 7-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը՝ մեկնաբանելով Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
Պատգամավորը նաեւ նշեց, որ նախագահների մակարդակով յուրաքանչյուր հանդիպումից հետո Ադրբեջանը փորձում է խուսափել պարտավորություններից՝ շարունակելով ռազմաշունչ հռետորաբանությունը։
Զաքարյանի կարծիքով, Սոչիում տեղի ունեցած հանդիպումը կարեւոր է այն տեսանկյունից, որ նախագահների հայտարարությունում ընդգծվեց, որ ԼՂ հակամարտության լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափից բացի, այլընտրանք չունի։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո կրակի դադարեցման գծի երկայնքով կողմերի մասնակցությամբ անցկացվող հնարավոր միջադեպերի հետաքննության մասին խոսելով՝ Զաքարյանը նշեց, որ հայտարարության այս կետը մեծամասամբ վերաբերում է Ադրբեջանին, քանի որ Հայաստանը կողմ է եղել խնդրի խաղաղ կարգավորմանը։
Նշենք, որ Հայաստանի Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը, Դմիտրի Մեդվեդեւն ու Իլհամ Ալիեւը մարտի 5-ին Սոչիում տեղի ունեցած եռակողմ բանակցությունների արդյունքում համատեղ հայտարարություն են ընդունել:
Երկու կեետից բաղկացած հայտարարության մեջ նշվում է.
1. Ամենակարճ ժամկետում ավարտել ռազմագերիների փոխանակումը
2. Ձգտել բոլոր վիճելի հարցերը լուծել խաղաղ միջոցներով եւ կրակի դադարեցման գծի երկայնքով կողմերի մասնակցությամբ անցկացնել հնարավոր միջադեպերի հետաքննություն` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո եւ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի աջակցությամբ:




























