Հայաստանյան հասարակությունը տղամարդկային հասարակություն է, որտեղ կանայք իրենց տեղը դեռեւս չեն գտել։ Մարտի 7-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը։
Նրա խոսքով, թեպետ հայ կնոջ իրավունքները չեն ոտնահարվում, սակայն տղամարդիկ նրան ընկալում են զուտ որպես ազգը վերարտադրող, ազգին կրթող եւ խնամող համակարգ։ Կինը, ըստ Օհանյանի, չի ընկալվում որպես առանձին գոյություն եւ անհատականություն։ «Հայ տղամարդիկ սովոր են վերեւից նայել կնոջը, թերագնահատել նրա մտավոր կարողությունները եւ անտեսել նրա ընդունակությունները։ Պատահական չէ, որ առաջ գնալ եւ «կարիերա անել» կարողանում են այն կանայք, ովքեր տղամարդկային որակներ ունեն։ Այդ կանայք իրենց կերպարով այլեւս կին չեն, մրցում են տղամարդկանց հետ եւ մրցությունում հաղթում են տղամարդկանց»,- նշեց «Հրապարակ» օրաթերթի խմբագիրը։
Նա միաժամանակ ավելացրեց, որ նույնիսկ ամենաուժեղ կանայք երբեմն-երբեմն կարիք են ունենում ուժեղ տղամարդու, ում կրծքին «կլացեն իրենց դարդերը»։
Ասուլիսին ներկա երգչուհի Շուշան Պետրոսյանն իր հերթին ավելացրեց, որ անհատականությունն ընդունակ են պահպանել միայն ուժեղ եւ սկզբունքային կանայք։ «Սեփական փորձից եմ ասում։ Կինը պետք է համառ լինի եւ սկզբունքայնություն ցուցաբերի։ Սակայն չեմ ուզում, որ կանայք ընկնեն մյուս ծայրահեղության մեջ։ Չափազանց ուժեղ կինը նման է ֆուրիայի, ում մոտ զենքերը վայր է դնում ցանկացած տղամարդ»,- նկատեց նա՝ ավելացնելով, որ ինչ էլ լինի տղամարդիկ չպետք է կոտրեն իրենց կանանց անհատականությունը եւ իր իսկ ձեւակերպմամբ, որպես «վեշի» վերաբերվեն նրանց։ «Տղամարդիկ միշտ պետք է հիշեն, որ իրենց առջեւ նախեւառաջ մարդ, հետո կին է կանգնած»,- ասաց նա:
Դրամատուրգ Կարինե Խոդիկյանն էլ նշեց, որ ուժեղ կանայք երբեւէ չպետք է խեղճացնեն իրենց կողքին եղած տղամարդկանց, որովհետեւ ներկայիս սոցիալական պայմաններում խեղճ տղամարդիկ առանց այդ էլ շատ են։ «Հնարավոր է , այդ տղամարդը հոգու խորքում ջենթլմեն է, եւ հնարավորությունների դեպքում իր կնոջ համար պատրաստ է անել ամեն ինչ, մինչդեռ նրանցից շատերն այսօր այս «ախմախ» իրավիճակում ստիպված են կոպեկներ հաշվել եւ մի կերպ հոգալ սեփական ընտանիքի խնդիրները»,- ամփոփեց նա։




























