Երկուշաբթին աշխարհի առաջատար ապրանքային բորսաները սկսել են նավթի թանկացմամբ։ Լոնդոնի բորսայում նավթի 1 բարելի գինը հասել է 117,2 դոլարի՝ ուրբաթ օրվա համեմատ թանկանալով 1,23 դոլարով։ Նյու Յորքի բորսայում նավթի բարելը թանկացել է 1,69 դոլարով եւ կազմել 106,11 դոլար։
Նավթի նկատմամբ պահանջարկը ավելացել է այն պատճառով, որ Լիբիայում քաղաքացիական պատերազմի մոտալուտ վերջ չի կանխատեսվում։
Մարտի 6-ին «Ռոյթերսը» տեղեկատվություն է տարածել այն մասին, որ ԱՄՆ-ը կարող է օգտագործել ռազմավարական պաշարները՝ նավթի գնի աճը կանխելու համար, քանի որ այն արդեն իսկ վտանգում է համաշխարհային տնտեսության աճը եւ կարող է նոր ճգնաժամի պատճառ դառնալ։
Նշենք, որ ԱՄՆ-ի նավթի ռազմավարական պաշարը կազմում է 727 մլն բարել։





























