Լիբիացի ապստամբները բանակցություններ են սկսել Սիրտ քաղաքի բնակիչների հետ` հեղափոխությանը խաղաղ միանալու կոչով, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ընդդիմադիր Անցումային ազգային խորհրդի ղեկավար, շեյխ Մուստաֆա Աբդել Ջալիլի խոսքով, Սիրտի ազատագրումը թույլ կտա հանել երկրի արեւմուտքում գտնվող քաղաքի շրջափակումը եւ ճանապարհ կբացի Տրիպոլիի վրա արշավելու համար: «Մենք ուզում ենք խուսափել ավելորդ արյունահեղությունից, մեր նպատակը ոչ թե քաղաքներ գրավելն է, այլ Բաբ ալ-Ազիզիա ամրոցը, որտեղ թաքնվում է Քադաֆին»,- ասել է նա:
«Ալ-Ջազիրան» հայտնում է, որ մարտեր են ընթանում Բեն-Ջաուադա քաղաքում, ընդդիմադիր ուժերին հաջողվել է զսպել «Համիս» էլիտար գումարտակների հակահարձակումը, նաեւ լիբիական օդուժի երկու կործանիչ եւ մեկ գրոհային ուղղաթիռ խփել: Առավոտյան գնդակոծվել է Ռաս-Լանուֆ քաղաքը, որտեղ շատ են զոհերն ու վիրավորները: Տեղեկություններ կան, որ քաղաքի վրա խոշոր զրահատանկային միավորումներ են շարժվում:
Միսրատա քաղաքում մոտ 70 մարդ է զոհվել, սակայն ապստամբներին հաջողվել է հետ մղել Քադաֆիի զորքերը:




























