Ռուսաստանը Անդրկովկասի «ռազմական յուրացման» ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի գործողությունները համարում է լուրջ ռազմա-քաղաքական մարտահրավեր: Այս մասին ադրբեջանական ONA պորտալի հետ հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նրա խոսքով՝ այս տաածաշրջանն, անկասկած, դասվում է Ռուսաստանի հատուկ կարեւորության շահերի ոլորտին: Սա առաջին հերթին պայմանավորված է աշխարհագրական մերձավորությամբ: «Ակնհայտ է Հարավային Կովկասի նշանակությունը լայն աշխարհաքաղաքական ենթատեքստում: Այսօր այստեղ լիովին դրսեւորվում է հայտնի արտատարածաշրջանային ուժերի՝ իրենց քանոններով ԱՊՀ տարածքը վերաձեւելու անպատկառ ձգտումը: Որպես Ռուսաստանի համար լրջագույն ռազմա-քաղաքական մարտահրավեր ենք դիտարկում Անդրկովկասի «ռազմական յուրացման» ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի գործողությունները: Եվ, իհարկե, անհնար է չասել Լեռնային Ղարաբաղի չկարգավորված հակամարտության մասին, որին, ցավոք, ներգրավված են մեր 2 մերձավորագույն բարեկամներն ու գործընկերները՝ Ադրբեջանը եւ Հայաստանը:

Հարավային Կովկասում կայունության աջակցությունը, տարածաշրջանի աստիճանական զարգացման ապահովումը տարածաշրջանի երկրների հանդեպ Ռուսաստանի բարեկամական վերաբերմունքի պարագայում այսուհետեւ եւս կմնա ռուսական արտաքին քաղաքականության կարեւորագույն նպատակներից մեկը»,- նշել է նա: