Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հույս ունի, որ իր քայլերով մոտեցնում է Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցության պահը: Այս մասին գրում է International News-ը՝ «Եգիպտոս, Սերբիա, Վրաստան» վերնագրված հոդվածում:
Ըստ պարբերականի քաղաքական վերլուծաբան Էրիկ Օուլբերգի, Սահակաշվիլին Իրաք եւ Աֆղանստան հարյուրավոր զինվորներ ուղարկելով, ուզում է ՆԱՏՕ-ին անդամագրվելու ճանապարհին լրացուցիչ բալեր հավաքել:
«37 տարեկան Միխայիլ Սահակաշվիլին երիտասարդական «Կմարա» (բավական է) շարժման օգնությամբ գլխավորեց Վրաստանը եւ 2004 թվականին 97 տոկոսով հաղթեց ընտրություններում: Նա հրավիրեց հազարավոր ամերիկացի եւ հրեա խորհրդատուների, իսկ 2008 թվականին սկսեց քաոսային պատերազմը Ռուսաստանի դեմ, որը շատ շուտով վերածվեց բռնապետական ուժի: Պատերազմից հետո Սահակաշվիլիի հրեա խորհրդատուները փախան իրենց տուն, իսկ Վրաստանի գործընկեր ԱՄՆ-ն սկսեց ծրագիր մշակել` Ռուսաստանի դեմ պատերազմը շարունակելու համար»,-նշել է վերլուծաբանաը:
Նրա խոսքով, Սահակաշվիլին իր զորքին «ստրուկի նման ուղարկում է պատերազմող երկրներ, որպեսզի կարողանա մտնել ՆԱՏՕ»:
«Այնպես որ, Վրաստանի ընդդիմությունը պետք է Սահակաշվիլիի նման ընդդիմախոս առաջնորդի շուրջ համախմբվի եւ վերահսկի ընտրությունները, եթե ուզում է պետությունից հեռացնել Սահակաշվիլիին»,- ամփոփել է հոդվածագիրը:




























