Հայաստանի իշխանությունների մոտ նկատվում է առարկայական քայլեր իրականացնելու ձգտում։ Այս մասին ապրիլի 4-ին ԵՄ Արեւելյան գործընկերության 10-ամյակին նվիրված կոնֆերանսում ասել է «Միջազգային հարաբերությունների եւ անվտանգության խնդիրների հայկական ինստիտուտ» ՀԿ ղեկավար Ստեփան Սաֆարյանը։

Նրա խոսքով՝ «թավշյա հեղափոխությունից» հետո իշխանությունների մոտ նկատվում է ձեւացնելուց, որը բնորոշ էր նախկին իշխանություններին, անցում առարկայական բարեփոխումների։ «Բացի այդ, իշխանությունները լեգիտիմության խնդիր չունեն, ինչը թույլ է տալիս ավելի արդյունավետ արտաքին քաղաքականություն վարել»,- նշել է փորձագետը։

Սաֆարյանի գնահատմամբ՝ որոշ երկյուղներ, թե կոռուպցիայի դեմ պայքարի ֆոնին կարող էին սկսվել քաղաքական հետապնդումներ, չարդարացան։ «Այսօր կան քրեական գործեր, որոնք ստացել են բարձր քաղաքական հնչեղություն, բայց չկան այնպիսի գործեր, որոնք ունենային քաղաքական համատեքստ։ Դա վերաբերում է նաեւ մարտի 1-ի գործին»,- համոզված է արեւմտամետ «Ժառանգություն» կուսակցության նախկին պատգամավորը։