Տեղի ունեցած Փաշինյան-Ալիեւ հանդիպման բուռն արձագանքը վկայում է այն մասին, որ բանակցային գործընթացից մեր սպասումները նվազագույն են: Այս մասին ապրիլի 4-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն» ՀԿ ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը:
Փորձագետի խոսքով՝ չնայած այն բանին, որ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ Վիեննայի հանդիպումը պաշտոնական էր, եւ որպես առաջին քայլ, անկասկած, այն կարելի է դրական գնահատել, չափից ավելի բուռն արձագանքը որոշ մտահոգություն է հարուցում:
Փորձագետը նշեց, որ Մինսկյան գործընթացում ոչ մի առաջընթաց չկա: Լեռնային Ղարաբաղի վերադարձը բանակցային սեղան ավելի բարդ է, քան կարող է թվալ: Իսկ առանց Ղարաբաղի առաջընթաց լինել չի կարող: «Անհրաժեշտ է վերադառնալ նրան, որ գործընթացն ընթանա առանց կողմնակի կողմերի: Օրինակ կարող է ծառայել սահմանին Ռոբերտ Քոչարյանի եւ Հեյդար Ալիեւի հանդիպումը: Ինչո՞ւ ենք գնում Վիեննա, ինչո՞ւ չհանդիպել սահմանին եւ իրական գործընթաց չսկսել»,- շեշտեց Ռիչարդ Կիրակոսյանը:
Փորձագետը հավելեց, որ եթե Ադրբեջանը ամռանը համարի, որ Հայաստանը չի կատարել իր պարտավորությունները, ապա կարող է սկսել խոսել ուժի դիրքերից:





























