Թեհրանը ճնշում կգործադրի Եվրոպայի երկրների վրա, որպեսզի նրանք իրանական միջուկային համաձայնագրի շրջանակում կատարեն իրենց պարտավորությունները: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը, հաղորդում է Tasnim-ը:
«Եվրոպան պետք է իմանա, որ չի կարող խուսափել իր պարտականություններից մի շարք մեկնաբանությունների կամ չկատարված ծրագրերի միջոցով», - նշեց նա:
Նրա խոսքով՝ Իրանը շարունակում է Եվրոպային զգուշացնել եւ նրա վրա ճնշում գործադրել պարտավորությունների կատարման համար, Իրանը երբեք չի ապավինում Եվրոպային:
«Եվրոպացիներն ամենասկզբից իրանական միջուկային համաձայնագիրը որպես ձեռքբերում են դիտարկել, սակայն հնարավոր է նրանք պատրաստ չեն եւ իհարկե բավարար ուժ չունեն ԱՄՆ պատժամիջոցներին (Իրանի դեմ) դիմակայելու համար», - հավելել է նա:
Նախարարը նաեւ նշել է, որ Իրանը մեծ ջանքեր է գործադրել իր հարեւանների եւ հին դաշնակիցների, այդ թվում, Ռուսաստանի, Չինաստանի, Թուրքիայի եւ Իրաքի հետ կապերի ամրապնդման համար:





























