Ջեֆ Բեզոսի ընկերությունը միանում է  ցածր ուղեծրում արբանյակների միջոցով արագ եւ առանց ընդհատումների գլոբալ համացանցի տրամադրման մրցարշավին:

Արագ եւ ամենուր հասանելի համացանցը եւ մոտ 130 մլրդ ծավալով շուկան մոտ ապագայի ամենամեծ մարտահրավերներից են:

Զարմանալի չէ, որ դրա մասնաբաժնի համար դաժան մրցակցություն է սկսվում:

ԶԼՄ-ները կարգավորիչների փաստաթղթերի հիման վրա գաղտնազերծել են եւս մեկ խաղացողի՝ Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսի ծրագրերը: Նա ցանկանում է ուղեծիր դուրս բերել ավելի քան 3000 արբանյակ, գրում է Hightech+-ը:

Kuiper նախագծի հետ կապված փաստաթղթերը հրապարակել է Geekwire կայքը:

Բեզոսը  մտադիր է ցածր ուղեծիր արձակել 3236 արբանյակներ համացանցի տարածման համար: Ցածր ուղեծրի գլխավոր առավելությունը ազդանշանի փոխանցման ժամանակ ուշացումների բացակայությունն է:

Geekwire-ի մեկնաբանությունում Amazon-ի ներկայացուցիչը հաստատել է Բեզոսի ընկերության կապը նախագծի հետ:

«Kuiper նախագիծը ցածր երկրամերձ ուղեծրում արբանյակների աստղաբույլի  արձակման նոր նախաձեռնություն է, որոնք կապահովեն բարձր արագությամբ լայնարձակ միացում՝  նվազագույն ուշացումով նրանց համար, ում հասանելի չէ բարձր արագությամբ համացանցը:

Սա երկարաժամկետ նախագիծ է, որը տասնյակ միլիոնավոր մարդկանց սպասարկում է նախատեսում:

ՄԱԿ-ի գնահատմամբ՝ Երկրի մոտ 4 միլիարդ մարդ կայուն համացանց չունի: Իսկ դրա  կարեւորությունը ամեն ամիս բառացիորեն աճում է, քանի որ համացանցին միացողների թիվը գնալով ավելանում է:

Amazon-ում պատրաստ չեն նախագիծը մանրամասն քննարկել լրագրողների հետ. հայտնի չեն ոչ արձակման ժամկետները, ոչ նախագծի արժեքը, ոչ ծառայությունների մատուցման գոնե մոտավոր ամսաթիվը: Կարելի է միայն ենթադրել, որ արբանյակները ուղեծիր դուրս կբերեն Բեզոսի տիեզերական սթարթափի Blue Origin հրոթիռները: