Հետխորհրդային տարածքում, Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) շրջանակում, ինտեգրման խորացումը մնում է Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերակայությունը։ Այս մասին ուրբաթ ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) հերթական նիստում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Մեր ինտեգրման զարգացումն ու խորացումը հետխորհրդային տարածքում ամենատարբեր ձեւաչափերով մնում է Ռուսաստանի արտաքին քաղաքականության աներկբա գերակայությունը,- նշել է նա։- ԱՊՀ-ն արդեն վաղուց իրեն երաշխավորել է որպես ընդհանուր հարթակ բազմապլան միջպետական փոխգործակցության եւ բովանդակալից քաղաքական երկխոսության համար»։

«Արտաքին գործերի նախարարների հանդիպումները թույլ են տալիս ստուգել դիրքորոշումները միջազգային օրակարգի առավել հրատապ հարցերում, օգնում են մշակել համաձայնեցված մոտեցումներ եւ վերջնարդյունքում գործում են հօգուտ միջազգային ասպարեզում Համագործակցության հեղինակության ամրապնդման»,- գործակալությունում մեջբերել են Ռուսաստանի արտգործնախարարի խոսքերը։

Նա նաեւ գոհունակություն է հայտնել, որ ԱՊՀ երկրները չեն բավարարվում ձեռք բերածով։ «Դա հաստատեց մեր երկխոսությունը նեղ ձեւաչափով, որի ընթացքում առաջ քաշվեցին բազմաթիվ նոր, հետաքրքիր առաջարկություններ, եւ այսօր մենք պետք է ընդունենք մի շարք կարեւոր որոշումներ, որոնք կորոշեն Համագործակցության զարգացման վեկտորն առաջիկայում»,- ամփոփել է նա։

Լավրովի խոսքով՝ ԱՊՀ երկրները պայմանավորվել են համակարգել ՄԱԿ Կանոնադրության սկզբունքների պաշտպանությանն ուղղված ջանքերը։

«Մենք այսօր լավ աշխատեցինք, կարծիքներ փոխանակեցինք միջազգային կյանքի կարեւոր խնդիրների վերաբերյալ՝ այն սպառնալիքների եւ մարտահրավերների համատեքստում, որոնք, ցավոք, կուտակվում են միջազգային ասպարեզում,- նշել է նախարարը,- տեսանք, թե ինչպես է լուրջ էրոզիայի ենթարկվում միջազգային իրավունքը, ինչպես է քաղաքական նպատակահարմարությունից կախված՝ իրականացվում միջամտությունն ինքնիշխան պետությունների ներքին գործերին, ավելի հաճախ են օգտագործվում վերջնագրերի եւ թելադրանքի մեթոդները»։

«Մեր ընդհանուր կարծիքն է, որ անհրաժեշտ է ավելի սերտ համակարգել մեր գործողությունները, ինչպես ԱՊՀ երկրների, այնպես էլ այլ պետությունների հետ՝ ՄԱԿ Կանոնադրության նորմերի ու սկզբունքների պաշտպանության հարցում,- ասաց Լավրովը։- Մենք առարկայորեն քննարկեցինք բազմակողմանի համագործակցության հարցերը ԱՊՀ շրջանակում, այդ թվում արտաքին քաղաքական ուղղությամբ։ Մեր գործողությունների համակարգման շահերից ելնելով՝ ամրապնդեցինք միջԱԳՆական խորհրդակցությունների պլանը Համագործակցության շրջանակում՝ 2019 թվականի համար եւ միաժամանակ ի գիտություն ընդունեցինք  2018-ի համանման պլանի հաջող կատարումը»,- ասաց Սերգեյ Լավրովը։

ՌԴ արտգործնախարարի խոսքով՝ մեծ նշանակություն է տրվում Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի նախաձեռնությանը ԱՊՀ դիվանագիտական ծառայությունների միջեւ գործընկերության ակտիվացման վերաբերյալ։ «Այդ ծրագիրը (գտնվում է) պատրաստ վիճակում։ Հույս ունենք ամենամոտ ժամանակներս ավարտել աշխատանքն այդ շատ կարեւոր փաստաթղթի վրա»,- հավելել է նա։

Ինչպես նշում է գործակալությունը, նախարարն ուշադրություն է դարձրել այն բանին, որ կողմերը շատ են խոսել մարդու իրավունքների խնդրից, այն մասին, թե ինչպես կարելի է առաջ մղել Մարդու իրավունքների 1948 թվականի համընդհանուր հռչակագրում դրված նորմերն ու սկզբունքները։

«Պայմանավորվեցինք շարունակել իրավապաշտպան ոլորտում գործողությունների համաձայնեցման աշխատանքը»,- տեղեկացրել է Լավրովը։ Բացի այդ, նախարարի խոսքով՝ տեղի ունեցավ «շահագրգիռ» խոսակցություն Եվրասիայի ողջ տարածքում եվրասիական ինտեգրման վիճակի եւ հեռանկարների, այդ գործընթացներում ԱՊՀ տեղի ու դերի մասին»։

Բացի այդ, ինչպես նշեց նախարարը, կողմերն անհրաժեշտ են համարում ամրապնդել միջազգային տեղեկատվական անվտանգությունը եւ համակարգել մոտեցումներն այս ոլորտում։

«Խոսեցինք  ԱՊՀ երկրների համագործակցության մասին իրավապահպանության ոլորտում։ Համաձայնեցրինք այս ոլորտի փաստաթղթերը, ներառյալ այն խնդիրները, որոնք կապված են հանցագործությունների դեմ պայքարի հետ, որոնք կատարվում են տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ»,- ասաց դիվանագետը։

«Մենք շատ խոսեցինք այն խնդիրների մասին, որոնք առաջ են գալիս կիբեռտարածքում, միջազգային տեղեկատվական անվտանգությունն ամրապնդելու անհրաժեշտության մասին, մեր մոտեցումներն այն աշխատանքում համակարգելու մասին, որը սկսվել է ՄԱԿ-ում այս կարեւոր թեմայի վերաբերյալ»,- ընդգծեց դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։