Անշուշտ, իրավիճակը, որում Արցախում ապրող փախստականները եւ ներքին տեղահանված անձինք լիովին մոռացված են միջազգային մասնագիտացված կազմակերպությունների կողմից, խիստ անբնական ու աղաղակող է։ Այդ մասին «Ազատ Արցախ» թերթին տված հայցազրույցում հայտարարել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մաիլյանը:
«Մենք համարում ենք, որ այդ մարդկանց միջազգային պաշտպանությունից եւ աջակցությունից զրկելը նրանց հիմնարար իրավունքների խախտում է։ Այդ դիրքորոշման մասին մենք բազմիցս իրազեկել ենք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին»,-նշել է նա:
Նախարարը հայտնել է, որ ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակի հետ վերջերս ունեցած հանդիպմանը նշել է, որ Արցախի պարագայում ԵԱՀԿ-ն չպետք է սահմանափակվի բացառապես կարգավորման գործընթացով եւ առանց պատշաճ ուշադրության թողնի մարդկային հարթությունը:
«Մասնավորապես, հանդիպմանն ընդգծել եմ, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը տեւում է արդեն 27 տարուց ավելի, եւ այդ փաստը որոշակի պարտավորություններ է դնում ԵԱՀԿ-ի վրա, որպեսզի հակամարտության չկարգավորվածության եւ Արցախը մեկուսացնելու Բաքվի շարունակական փորձերով պայմանավորված՝ հանրապետությունում ապրող մարդիկ, այդ թվում՝ փախստականները եւ ներքին տեղահանվածները, սահմանափակված չլինեն իրենց հիմնարար իրավունքներն ու ազատություններն իրացնելու հարցում»,-շեշտել է նա:





























