ՌԴ-ի եւ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարություններըը մարդասիրական օգնություն կտրամադրեն լայնամասշտաբ ջրհեղեղներից տուժած Իրանին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով ՌԴ ԱԳՆ կայքին:
Ավելի վաղ Mehr-ը հաղորդել էր, Իրանում ջրհեղեղից մահացածների թիվը գերազանցել է 70-ը: Տարերքից, որն Իրանում սկսվել էր մարտի 21-ին՝ Նոր Տարին նշելուց մի քանի օր անց, տուժել են տասնյակ հազարավոր բնակիչներ եւ ըստ իրանական ԶԼՄ-ի, մոտ 1.9 հազար քաղաքներ եւ գյուղեր:
Առատ տեղումների պատճառով առաջացած ջրհեղեղներից Իրանի շատ նահանգներում ճանապարհները ողողվել են, վնասվել են ենթակառուցվածքները եւ տները, տրանսպորտը, ինչպես նաեւ խաթարվել է տրանսպորտային հաղորդակցությունը:
«Շատ լուրջ վնաս է հասցվել ագրոարդյունաբերական համալիրին, ենթակառուցվածքներին եւ նահանգների մեծ մասում բնակելի տներին: Ստեղծված պայմաններում իրանական կողմի դիմումի կապակցությամբ որոշում է ընդունվել ՌԴ միջոցների հաշվին ՌԴ ԱԻՆ-ի ուժերի եւ ՀՀ ԱԻՆ-ի հետ համատեղ ավելի քան 4 հազար միավոր նյութական միջոցներ (ծածկոցներ, վրաններ եւ այլ կարեւոր անվանացուցակ) ուղարկելու մասին », - ասվում է հաղորդագրությունում:
Գերատեսչությունում հավելել են, որ Մոսկվան իր կարեկցանքն ու աջակցությունն է հայտնում Իրանի ժողովրդին, ինչպես նաեւ տոկունություն է ցանկանում բարեկամական երկրի վրա հասած աղետի հաղթահարման համար:





























