ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մարտի 7-ին Փարիզում Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամների հետ քննարկել է Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդման, Արցախի ներքին կյանքին եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նա բարձր է գնահատել ֆրանսահայ կազմակերպությունների ակտիվ մասնակցությունը Արցախի շենացման, համահայկական նշանակություն ունեցող հարցերի լուծմանն աջակցելու գործում:
Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախը շահագրգռված է ֆրանսահայ կազմակերպությունների հետ հարաբերությունների շարունակական խորացման եւ ընդլայնման մեջ:
Հանդիպմանը ներկա են եղել Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վիգեն Չիթեչյանը, ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը, պաշտոնատար այլ անձինք:





























