Թուրքիայում առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ սկսվել է հրաժարականների շարքը։

Թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ՝  արդեն հրաժարական են տվել Թուրքիայի ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայը, հեռահաղորդակցության նախարար Բինալի Յըլդըրըմն ու արդարադատության նախարար Սադուլլահ Էրգինը, ովքեր պատրաստվում են մասնակցել խորհրդարանական ընտրություններին իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ընտրացուցակով։

Հրաժարական է ներկայացրել նաեւ Անկարայի հանրապետական դատախազ Մեհմեդ Յուջեսոյը, ով նույնպես կմասնակցի ընտրություններին իշխող կուսակցության ընտրացուցակով։

Նշենք, որ  Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովի տարածած հայտարարության համաձայն՝  2011-ի հունիսի 12-ին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների մասնակցելու է 27 կուսակցություն։  Հանձնաժողովի տարածած հայտարարության մեջ նշվել է նաեւ, որ պատգամավորության այն թեկնածուները, ովքեր պաշտոններ են զբաղեցնում, մինչեւ 2011-ի մարտի 10-ը պետք է հրաժարական տան։

Հիշեցնենք, որ այս ընտրություններին մասնակցելու են նաեւ Ստամբուլի հայերը, որոնք ներկայացված կլինեն թե իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության, թե ընդդիմադիր «ժողովրդա-հանրապետական», «Խաղաղություն եւ զարգացում» եւ «Ազգայնական շարժում» կուսակցությունների կողմից։