Իտալուհիները տոնում են կանանց միջազգային օրը` ֆեմինիստական ակցիաներ անցկացնելով, թանգարաններ եւ ռեստորաններ այցելելով: Տոնակատարություններն այս տարի ավելի մեծ մասշտաբ են կրել, քանի որ այսօր նաեւ եկեղեցական տոնացույցով «ճարպոտ երեքշաբթին է», որը նշանավորվում է որպես դիմակահանդեսի վերջին օր: 

Հիմնական ակցիաները, որոնք կազմակերպվել են «Եթե ոչ այսօր, ապա՝ երբեք» կոմիտեի կողմից, նվիրված են կանանց միջազգային օրվա ակնունքներին, տոն, որի խորհրդանիշը  իր իրավունքների համար պայքարող կինն է: Կանանց փետրվարյան բողոքի ակցիաների գլխապտույտ հաջողությունից հետո, որոնց մասնակցել են միլիոնավոր իտալուհիներ, «Եթե ոչ այսօր, ապա՝ երբեք» կոմիտեի անդամները որոշել են այսօր մեղմ ակցիա անցկացնել` առանց կարգախոսների եւ կոչերի:

Հռոմի կենտրոնական փողոցներում, ինչպես նաեւ այլ քաղաքաներում, կազմակերպվել են կանանց նվիրված գրական երկերի ընթերցանություններ, բանավեճեր, իմպրովիզային սեմինարներ,  որոնց գլխավոր թեման կանանց խնդիրներն են: Դրանցից են գործազրկության ու մայրության հետ կապված դժվարությունները:     

Այս հասարակական շարժման ակտիվացման առիթը Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի շուրջ ի հայտ եկած սեռական սկանդալն էր:

Տոնը չի սահմանափակվում կանանց իրավունքների համար մղվող պայքարով եւ մշակութային միջոցառումներով: Վիճակագրական ծառայության տվյալներով, շուրջ 8 միլիոն իտալացիներ այսօր ռեստորաններ են այցելելու իրենց կանանց, մայրերի, դուստրերի եւ հարսնացուների հետ: