Թուրքիայի ազգային հետախուզության (MIT) արտաքին օպերացիաների բաժնի նախկին պետ, սկանդալային «Էրգենեկոն» գործի շրջանակներում կասկածյալ Քաշիֆ Քոզինօղլուն տեղեկություններ է հավաքել MIT-ի ներկայիս տնօրեն Հաքան Ֆիդանի եւ նրա ընտանիքի մասին եւ ներկայացրել դրանք օրեր առաջ ձերբակալված Oda TV-ի խմբագիր Սոներ Յալչընին:

Թուրքական Taraf-ի փոխանցմամբ՝ Քաշիֆ Քոզինօղլուն տեղեկություններ է հավաքել, թե Թուրքիայի ազգային հետախուզության պետ Հաքան Ֆիդանն ում հետ է հանդիպում, գրանցել նրա բարեկամների անունnերն ու հասցեները։  Քաշիֆի հետեւել է նաեւ իշխող «Արադարություն եւ զարգացում» կուսակցության կրոնական հենքը հանդիսացող Ֆեթհուլահ Գյուլենին եւ նրա հետ միասին ապրող երկու անձանց։

Նշվում է, որ Քաշիֆ Քոզինօղլուն իր տեղեկությունները դոսյեի տեսքով ներկայացրել է օրեր առաջ ձերբակալված Oda TV-ի խմբագիր Սոներ Յալչընին:

Ստամբուլի ծանր հանցագործությունների գծով 10-րդ դատարանը ձերբակալման որոշում է կայացրել Քաշիֆ Քոզինօղլուի նկատմամբ։ Սակայն վերջինս գտնվում է արտասահմանում եւ Թուրքիա է ժամանելու միայն մարտի 10-ին։ Տարբեր տեղեկություններով, նա գտնվում է կամ Ադրբեջանում կամ Աֆղանստանում։

Նշենք, որ «Էրգենեկոն» ենթադրյալ ահաբեկչական գաղտնի կառույց է, որի նպատակներից է եղել Թուրքիայում քաոս ստեղծելու միջոցով հեղաշրջում իրականացնել:  «Էրգենեկոնի» ծրագրերի մեջ է եղել  Պոլսո Հայոց պատրիարքի, Սեբաստիայի հայ համայնքի ղեկավարի սպանությունները կազմակերպելը: