Չեխիան կատարում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածաշրջան սպառազինության մատակարարումների էմբարգոն: Այս մասին Երեւանում Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասաց Չեխիայի պաշտպանության նախարար Լյուբոմիր Մետնարը:
Պատասխանելով Ադրբեջանին չեխական տեխնիկայի մատակարարումների հետ կապված աղմկահարույց պատմությանը՝ նա նշեց, որ թեման քննարկվում է նաեւ չեխական լրատվամիջոցներում: «Չեխիան առաջին հերթին կատարում է միջազգային նորմերի եւ սեփական օրենսդրության պահանջները ու խստորեն վերահսկում է ռազմական տեխնիկայի արտահանման լիցենզավորման գործընթացը: Հաուբիցների մատակարարումը Չեխիան չի իրականացրել, այլ երրորդ կողմը: Մենք կատարում ենք միջազգային էմբարգոյի պահանջները եւ Ադրբեջան մատակարարումները չենք լիցենզավորում»,- հայտարարեց Լյուբոմիր Մետնարը:
Նա, միաժամանակ, հայտնեց, որ 2016-17 թվականներին հաուբիցների եւ արձակման կայանքների արտահանման լիցենզիա ստանալու դիմումներ եղել են, բայց Չեխիայի ՆԳՆ առաջարկով դրանք մերժվել են: «Չեխիան կատարում է էմբարգոյի պահանջները, մասնավորապես՝ տարածաշրջան ռազմական տեխնիկայի մատակարարումների ԵԱՀԿ սահմանափակումները: Մենք հավասարապես ենք հեռու կամ մերձ Հայաստանին եւ Ադրբեջանին ու աջակցում ենք հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը»,- հավաստիացրեց չեխ նախարարը:





























