Կրթության եւ գիտության նախարարի հրամանով  Աստղիկ Ավետիսյանը ազատվել է Գյումրու թիվ 37 ավագ դպրոցի տնօրենի պաշտոնից, դպրոցի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել  Գյումրու թիվ 11 հիմնական դպրոցի դաստիարակչական գծով փոխտնօրեն Գեւորգ Գասպարյանը։ NEWS.am-ի հետ զրույցում Կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը հայտնեց, որ այսօր Գեւորգ Գասպարյանը դպրոցի ուսուցչական անձնակազմին է ներկայացվել։

«Անձնակազմին ներկայացրել ենք, մոտ ժամանակներս ընդունում–հանձնում կլինի, պարոն Գասպարյանը պարտականությունները կատարողը կլինի, մինչեւ եռամսյա ժամկետում տնօրենի ընտրությունը»,–նշեց ԿԳՆ հանրակրթության վարչության պետը։ 

Նշենք, որ Գյումրու թիվ 37 դպրոցում առերեւույթ կաշառք տալու, կաշառք ստանալու եւ կաշառքի միջնորդության փաստերի առթիվ քրեական գործ էր հարուցվել դպրոցի տնօրենի դեմ, որը հայտարարված մրցույթը հաղթել էր 2018 թվականի հոկտեմբերի 5-ին:

Մասնավորապես Գյումրի քաղաքի մի բնակիչ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում  հաղորդում  է  տվել այն մասին, որ, աշխատելով «Գյումրու թիվ 37 դպրոց» ՊՈԱԿ-ում որպես համակարգչային օպերատոր, 2018թ. հունվարից մարտ ամիսներին, իր հաստիքը չկրճատելու եւ աշխատանքից չհեռացնելու դիմաց, դպրոցի տնօրենին, վերջինիս պահանջով, տվել է իր ամսական աշխատավարձի կեսը։  Իսկ 2017թ. նոյեմբերից 2018թ. ապրիլն ընկած ժամանակահատվածում, նույն նպատակով եւ կրկին տնօրենի  պահանջով, նրան է տվել որպես փոխարինող իրեն հատկացված, սակայն չպարապած, ինֆորմատիկայի դասաժամերի համար հասանելիք գումարները, ինչպես նաեւ իր հիմնական աշխատավարձի մի մասը եւ 2017-2018թթ ուսումնական տարվա ինֆորմատիկա առարկայի համար հասանելիք արձակուրդային վճարը։