Սոչիում մարտի 5-ին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ստորագրած համատեղ հայտարարությունը մեծ նշանակություն չունի: «Նախագահները Սոչիում ոչ մի սանտիմետր առաջ չեն գնացել Ղարաբաղի հարցում: Պատերազմի հնարավորությունը չի հանվել օրակարգից»,- «Ազատություն» ռադիոկայանին ասել է ռազմական հարցերով ռուսաստանցի փորձագետ Պավել Ֆելգենհաուերը:
Նրա խոսքով, փաստաթուղթում սոսկ արձանագրվում է, որ կողմերը «ձգտելու են խաղաղ լուծել բոլոր հարցերը», ու փաստորեն միակ հստակ կետը այդ փաստաթղթում «նման եռակողմ հանդիպումները շարունակելու պատրաստակամության մասին կետն է»:
Մինչդեռ, Ֆելգենհաուերի խոսքով, եթե իրական քայլեր չձեռնարկվեն, «ռազմական գործողությունների վերասկսումը անխուսափելի է»: Ավելին` նա համոզված է, որ «լարվածությունը շփման գոտում չի թուլանալու»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, մարտի 5-ին Սոչիում տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը՝ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ։ Սա նախագահների՝ եռակողմ ձեւաչափով 8-րդ հանդիպումն է։
Նախագահները համատեղ հայտարարություն են ընդունել, որում պարտավորվել են
-Ամենակարճ ժամկետում ավարտել ռազմագերիների փոխանակումը
-Ձգտել բոլոր վիճելի հարցերը լուծել խաղաղ միջոցներով եւ կրակի դադարեցման գծի երկայնքով կողմերի մասնակցությամբ անցկացնել հնարավոր միջադեպերի հետաքննություն` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո եւ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի աջակցությամբ:
Նշենք, նաեւ որ հանդիպման նախօրեին ադրբեջանական դիպուկահարի գնդակից զոհվել էր հերթական հայ զինվորը: Պաշտոնական Բաքուն համառորեն հրաժարվում է ընդունել միջնորդների` շփման գծից դիպուկահարների դուրս բերման վերաբերյալ առաջարկությունը:





























