Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը ողջունել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները՝ խաղաղ եւ դեմոկրատական փոփոխությունները Սահմանադրության հիմքի վրա։

Ստրասբուրգում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում Յագլանդը հիշեցրել է, որ Եվրոպայի խորհուրդը ակտիվորեն մասնակցել է Սահմանադրության մշամկանը, եւ իրենք «ուրախ են տեսնել, որ ամեն ինչ աշխատում է»։

Յագլանդը շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետին բարեփոխումների իրականացման համար, մասնավորապես՝ դատական համակարգում, եւ հավաստիացրել է, որ Եվրոպայի խորհուրդը պատրաստ է օգնություն ցուցաբերել։

«Վերջերս մենք 2020 թվականի համար Հայաստանի գծով գործողությունների նոր պլան ընդունեցինք»,- հավելել է նա։

Գլխավոր քարտուղարը հավաստիացրել է, որ իրենք կաշխատեն միասին, որպեսզի առաջ մղեն ինստիտուտների ամրապնդումը Հայաստանում։

«Միանգամայն ակնհայտ է, որ Հայաստանը եվրոպական երկիր է՝ արմատացած եվրոպական պատմությամբ եւ արժեքներով»,- ամփոփել է նա։