Անկախ դատական համակարգի ապահովումը ամենակարեւոր խնդիրն է մեզ համար։ Այս մասին, պատասխանելով ԵԽԽՎ պատվիրակի հարցին, ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ հարյուրտոկոսանոց անկախ դատական համակարգի ապահովման խնդիրը, որի լուծումը վստահություն կներշնչի մեզ ու միջազգային հանրությանը, առաջնահերթ կարեւորության գործ է։ Փաշինյանը նշել է, որ ԵՄ ներկայացուցիչների հետ վերջերս կայացած հանդիպման ժամանակ նրան հարցրել են այն մասին, թե որքան հեռուն կարող է գնալ կառավարությունը դատարանների անկախության ապահովման համար։ «Ես ուղղակի ասացի, որ այդ ճանապարհին մենք պատրաստ ենք գնալ մինչեւ վերջ։ Առանց անկախ դատական համակարգի մենք չենք կարողանա երաշխավորել մեր դեմոկրատիայի ինստիտուցիոնալ ուժեղացումը»,- նշել է Փաշինյանը։
Ընդ որում՝ վարչապետն ընդգծել է, որ չի կարող հարյուրտոկոսանոց երաշխիք տալ, որ իր կառավարությունը լիովին կարողացել է արմատախիլ անել «հավանաբար գոյություն ունեցած այն պրակտիկան, երբ վճիռներն ուղղորդվում էին կառավարությունից»։
«Ես հարյուրտոկոսանոց վստահություն չունեմ, որ չեն պահպանվել սողանցքներ, չեմ կարող վստահ լինել, որ չկա կոռուպցիա»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ մի քանի օր առաջ կաշառք ստանալիս ձերբակալվել է դատավոր։
Սակայն, ըստ Փաշինյանի, կասկած չկա, որ իր կառավարությունն ամբողջովին միտված է անկախ դատարանների ապահովմանը։











