Առաջարկում ենք բարձրացնել Իրանից եւ այլ երկրներից Հայաստան ներմուծվող ցեմենտի համար մաքսատուրքը մեկ տոննայի համար մինչեւ 22 հազար դրամ: Ապրիլի 12-ին Տնտեսական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու, ինչպես նաեւ «Գործունեության իրականացման վերաբերյալ ծանուցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ այս մասին ասաց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:
Նրա խոսքով, այս քայլին հարկավոր է գնալ տեղական արտադրողների մրցունակությանը աջակցելու նպատակով` ձեռնարկությունների փակումը թույլ չտալու համար: «Մենք չենք կարող թույլ տալ մեր ձեռնարկությունների փակումը: Դրանք պետական աջակցության կարքի ունեն», - պարզաբանեց նախարարը:
Միեւնույն ժամանակ, ինչպես նշեց Խաչատրյանը, Վրաստանում, օրինակ, ցեմենտի արտադրությունն ավելի էժան է արժենում գնվող գազի ցածր գնի պատճառով, որը կարեւոր է այս արտադրանքի արտադրման գործընթացում: «Սակայն պետք է նշեմ, որ նրանց եւ մեր միջեւ գնային տարբերությունը այնքան էլ զգալի չէ», - ավելացրեց նախարարը:
Ի պատասխան «Իմ քայլը» իշխող դաշինքից պատգամավոր Հայկ Սարգսյանն ասաց, որ երկրում պետք է մրցակցություն լինի, իսկ պրոտեկցիոնիզմի քաղաքականությունը ոչ մի կերպ չի նպաստի դրան:
«Իմ կարծիքով ավելի լավ է 400 մարդ զրկվի աշխատանքից, բայց այդ դեպքում մենք կկարողանանք աճ ապահովել շինարարական հատվածում եւ դրա հաշվին ապահովել պետական բյուջեի համալրումը», -ասաց Սարգսյանը՝ բացատրելով, որ տվյալ հարցով եւ մի շարք այլ ոլորտներում պրոտեկցիոնիզմի քաղաքականությունը կհանգեցնի տեղական ցեմենտի որակի եւ մրցունակության անկմանը, քանի որ ձեռնարկատերերը եւ արտադրողները շահագրգռված չեն լինի իրենց արտադրության տեխնիկական նորացմամբ:
Սա, ըստ պատգամավորի, արտադրողների կողմից կհանգեցնի չարաշահումների եւ երկրում ցեմենտի գների հետագա բարձրացմանը: Պատգամավորը նաեւ համոզված է, որ ցեմենտի ներկայիս ագները ոչնչով հիմնավորված չեն եւ չափազանց բարձր են, ինչն իր հերթին եւ առանց լրացուցիչ մաքսատուրքերի արտադրողներին բարձր շահույթով է ապահովում:





























