Forbes-ը ներկայացրել է մինչեւ 30 տարեկան 30 ամենահեռանկարային ռուսաստանցիների 100 հավակնորդների ցուցակը: Հավակնորդների համար ամենաբարդ կարգն է «Կառավարումը»: Խմբագրությունը եւ փորձագիտական խորհուրդն այս կարգում միավորել են մասնավոր եւ պետական հատվածներից հաջողակ մենեջերներին: 30 տարեկանների սերնդի ներկայացուցիչներին այնքան էլ հաճախ չի հաջողվում բարձրանալ կորպորատիվ հիերարխիայով, ինչով մեր հավակնորդների հաջողություններն առավել արժեքավոր են: Նրանց մեծ մասը տեխնոլոգիական բիզնեսի ներկայացուցիչներ են, որն առավել առաջադեմ է թոփ մենեջերներին ներկայացվող տարիքային պահանջների առումով: Ցուցակում են նաեւ ռեալ հատվածի եւ պետական ծառայության կառավարիչներ:
Ռուսաստանից 30 տարեկանից փոքր 10 ամենահեռանկարային կառավարիչների թվում են երեք հայեր:
Յոթերորդ տեղում է Հենրի Սարդարյանը (29 տարեկան, Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ՝ ՄԳԻՄՕ) - ՄԳԻՄՕ-ի կառավարման եւ քաղաքականության ֆակուլտետի դեկան Հենրի Սարդարյանն ուսումնամեթոդական աշխատանքի մասնագետից մինչեւ ֆակուլտետի ղեկավար ճանապարհն անցել է 9 տարում: Հենրիի գիտական հետաքրքրությունների ոլորտն է Իտալիայի քաղաքական համակարգը: Սարդարյանը 2015 թվականից իտալական Մաչերատայի համալսարանում դասավանդում է որպես հրավիրված պրոֆեսոր: Ունի քաղաքագիտության թեկնածուի աստիճան:
Ութերորդ տեղում է Ռաֆայել Աբրահամյանը (30 տարեկան, Rambler Group) - Մոսկվայի պետական համալսարանի, Ֆինանսական ակադեմիայի եւ Փարիզի բիզնես դպրոցի շրջանավարտ Ռաֆայել Աբրահամյանը կարիերան սկսել է Վլադիմիր Եվտուշենկովի «Սիստեմա» Բաժնետիրական ֆինանսական կորպորացիայի մեդիա բաժանմունքում, իսկ ավելի ուշ PWC քոնսալթինգային հսկայում հղկել է M&A գործարքների հմտությունները: 2012 թվականին աշխատանքի է անցել Ալեքսանդր Մամուտի կառույցներում՝ նախ համակարգել է A&NN-ի տեխնոլոգիական եւ համացանցային ակտիվները, այնուհետեւ մասնակցել է «ՍՈՒՊ Մեդիա» եւ «Ռամբլեր-Աֆիշա» հոլդինգների միավորմանը եւ մտել միավորված կառույցի՝ Rambler&Co.-ի տնօրենների խորհրդի կազմի մեջ: Աբրահամյանն այստեղ հասցրել է աշխատել նաեւ գործադիր տնօրենի պաշտոնում: 2018 թվականին նա դարձել է Rambler Group-ի կառավարման կոմիտեի անդամ:
Տասներորդ տեղում է Ֆելիքս Խաչատրյանը (29 տարեկան, uBank) – Ռուս-հայկական համալսարանի շրջանավարտ Ֆելիքս Խաչատրյանը մասնակցել է մի քանի սթարթափերի ստեղծմանը՝ inTaxi, uTalk, Global Searching Systems եւ uBank: uBank բջջային հարթակը թույլ է տալիս կառավարել անձնական ֆինանսները եւ միավորում է շարժական բանկը՝ ռուսական բանկերի անսահմանափակ քանակությամբ քարտերի, դրամական փոխանցումների եւ տարբեր ծառայությունների վճարումների համար: 2013 թվականի սկզբին ընկերությունը Runa Capital-ից 8 մլն դոլարի ներդրում է ստացել: Անցյալ տարի Inventure Partners հիմնադրամը նույնպես ներդրում է կատարել uBank բլոքչեյն նախագծի մեջ: Հիմա հավելվածը զարգանում է «Սովկոմբանկի» էկոհամակարգի ներսում, Forbes-ին ասել է Խաչատրյանը:





























